ՆԳ նախարարը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ (տեսանյութ)
Ներքին գործերի նախարարության և հասարակության միջև կապն ամրապնդելու նպատակով նոյեմբերի 29-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է քաղաքացիական հասարակության շուրջ 5 տասնյակ ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը մասնակցել են նաև ՆԳ նախարարի տեղակալներ Արմեն Ղազարյանը, Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը, Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը։
Ողջունելով ներկաներին՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է նմանատիպ հանդիպումների մասնակցային և ներառական լինելու կարևորությունը, բարեփոխումների ընթացքի առնչությամբ հասարակական կազմակերպությունների հետ շփումներն ու կառուցողական երկխոսությունը։
«Ինստիտուցիոնալ լուծումներն ավելի երկարաժամկետ պլանում արդյունքներ տվող լուծումներ են, բայց դրանք անհրաժեշտ և կենսական են: Մեր տրամաբանությունն այն է, որ, այո՛, ընդունելով, որ կարճաժամկետ լուծումները սիտուացիոնալ լուծումներ են, բայց և պետք է կատարվեն որպես այդպիսին, զուգահեռաբար առավել շատ կենտրոնացումը պետք է լինի ինստիտուցիոնալ լուծումներին, որպեսզի մեխանիզմը կայուն լինի և հետագայում նախարարությունը և հանրությունը կարողանան շատ ավելի դրական արդյունքներ արձանագրել պրակտիկ գործունեության շրջանակներում»,- նշել է Արփինե Սարգսյանը։
Հանդիպման մասնակիցները բարձրացրել են նախարարության ու ենթակա ծառայությունների աշխատանքի վերաբերյալ հասարակությանը հուզող մի շարք հարցեր, հանդես են եկել որոշ առաջարկություններով, որոնց շուրջ ակտիվ քննարկում է ծավալվել։
Հանդիպման ավարտին Արփինե Սարգսյանը կարևորել է բարեփոխումների տարբեր ուղղություններով աշխատանքային և մասնագիտական հանդիպումների շարունակականության անհրաժեշտությունը՝ կարևորելով համատեղ քննարկումների ընթացքում ներուժի մեկտեղման հնարավորությունները։