Հալեպի հայ համայնքում վիրավորներ կամ զոհեր չկան. Սիրիայում հայ պատգամավոր

Հալեպի հայ համայնքում վիրավորներ կամ զոհեր չկան: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Սիրիայում միակ հայ պատգամավոր Մարիա Գաբրիելյանը՝ խոսելով այնտեղ տիրող իրավիճակի մասին:

«Զինված խմբավորումները ջանք չեն խնայում քաղաք ներխուժելու համար: Երեկոյան ժամը 7-ի դրությամբ Հալեպում ամայություն էր: Հայ համայնքից ոմանք լքել են քաղաքը, քանի որ վտանգավոր է, վախենում են»,-ասաց նա:

Նա նշեց, որ հայերին քաղաքից չեն տարհանելու:

Հիշեցնենք, որ լայնածավալ հարձակում սկսած հակակառավարական զինված խմբավորումները հասել են Հալեպի արվարձաններ և առաջանում են դեպի քաղաքի կենտրոն՝ գրավելով մոտ 400 քառակուսի կիլոմետր տարածք Հալեպ և Իդլիբ նահանգներում։ Ռազմական գործողությունները իրականացնում են Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալները՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման առաջնորդությամբ: