Ադրբեջանը հայկական ֆիլմեր է գրաքննում․ Ինչո՞ւ ԱԳՆ-ը բան չի անում

«Առավոտը» հրապարակել է ռեժիսոր Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆի հոդվածը․
««Հայկական սադրանքը խափանվել է», «Կասեցվել է հայկական սադրանքը Մարոկկոյում»։ Այս վերնագրերն է դրել ադրբեջանական մամուլը հայկական ֆիլմը Մարոկկոյի փառատոնից հանելու առիթով։ Անգլերեն, ռուսերեն, տասնյակ լրատվամիջոցներով։

Շուշիի մասին Տատյանա Սպիվակովայի «Այն ամենը, ինչ ինձ պետք է» 11 րոպեանոց խաղարկային ֆիլմը հանվեց Ագադիր քաղաքի Issni Nurgh միջազգային ֆիլմերի փառատոնից՝ Ադրբեջանի դեսպանատան սպառնալիքների տակ։

Երկու ամիս անց Ադրբեջանը Հորդանանին պարտադրեց հետ կանչել Արցախի մասին Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» ֆիլմը։ Հորդանանը հետ կանչեց։ Ադրբեջանի սպառնալիքների հիմքում եղել է այն, որ այս ֆիլմերը նրա տարածքային ամբողջականությանը հակասում են։
Սրանից պետք է հետևի, որ փառատոները չպետք է ֆիլմեր ընդունեն, որոնք Պաղեստինի, Աբխազիայի, Մերձդնեստրի, Թայվանի, Քաշմիրի և այլ հակամարտությունների մասին են։

Մյուս կողմից ֆիլմերը ոչ թե ընտրվում են պետությունների քմահաճույքներից ելնելով, այն էլ բռնապետական, այլ ֆիլմի որակից, և ֆիլմերը ոչ թե պատասխանատու են պետությունների քաղաքականությունների համար, այլ բարձրաձայնում են հակամարտություններից առաջացած խեղված ճակատագրերի՝ ֆիլմի սյուժե դարձած կյանքերի մասին։ Ֆիլմն է նրանց լեզուն՝ կողպված բերանի։

Սա կարող ենք մեր մեջ քննարկել, հոդվածներ գրել, բայց էական հարցն է՝ իսկ ի՞նչ է արել Հայաստանը, որ կանխի հայկական արտադրության կամ հայերի մասին ֆիլմերը պաշտպանելու համար։

Ի՞նչ է արել արտաքին գործերի նախարարությունը, որպեսզի մեզ պաշտպանի խտրականությունից և մեր ազատ արտահայտման իրավունքը ճնշելուց։

Հայաստանի դիվանագիտական հիմնադրամը տվել է այս հարցը արտաքին գործերի նախարարությանը, փորձելով նաև պարզել, թե արդյո՞ք հիմա որևէ քայլ ձեռնարկելու են։

«Ռեժիսորները մեզ չեն դիմել»։ Երկու ֆիլմերի համար էլ պատասխանն այս է եղել ԱԳՆ-ից։ Բայց անելո՞ւ են ինչ-որ բան։ Երկու դեպքում էլ պատասխան չկա։

Ըստ այս գերատեսչության իրեն պետք է դիմեն, որպեսզի նա իր գործառույթները կատարի, հակառակ դեպքում որևէ պաշտպանություն մի ակնկալեք։

Արդյո՞ք ԱԳՆ-ն չի հասկանում, որ ոչ թե անձնապես Տատիանա Սպիվակովայի և Սարին Հայրապետյանի դեմ են եղել այս ոտնձգություններն, այլ Հայաստանի, հայերի, այդ թվում՝ ԱԳՆ-ում աշխատողների։

Գրաքննելով կին ռեժիսորների ֆիլմերը՝ ոտնահարվել են հայերի իրավունքները, որովհետև ֆիլմերը թռչունների և ծաղիկների մասին չեն, այլ հայերի։ Ադրբեջանը որպես ֆիլմ չի այն գրաքննել, այլ որպես նյութ, որը վերաբերում է իր կողմից զրկանքների ենթարկված մարդկանց։

Եվ քանի դեռ ԱԳՆ-ն սպասելու է, որ իրեն դիմեն տուժելուց, Ադրբեջանը շարունակելու է այս միտումը։ Ադրբեջանին ոչ ոք չի դիմում հայկական ֆիլմերը գրաքննելու համար, անում են նրանք ըստ պահանջի»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով։