Հեռուստատեսությամբ երեխաների կողմից դիտվող սննդի և խմիչքների գովազդի ավելի քան 65%-ը չթույլատրված մթերքներ են․ ԱՆ-ի ուսումնասիրությունը

Հեռուստատեսությամբ երեխաների կողմից դիտվող սննդի և խմիչքների գովազդի ավելի քան 65%-ը չթույլատրված մթերքներ են:

Առողջապահության նախարարությունը, ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը (ԱԱԻ) Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) աջակցությամբ առաջին անգամ իրականացրել են Հայաստանում երեխաներին ուղղված սննդի և ընպելիքների մարքեթինգի վերաբերյալ ուսումնասիրություն:

Արդյունքներն ամփոփվել են ԱՀԿ հայաստանյան գրասենյակում` ԱԱԻ տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի, Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Սիդարթա Դատտայի, հանրային առողջության փորձագետների և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ուսումնասիրությամբ`

✔️ մշտադիտարկվել է 5 հազար գովազդ,

✔️ ուսումնասիրվել է 5 հեռուստաալիքով 316 ժամ հեռարձակման ժամանակ,

✔️ հայտնաբերվել է սննդի և խմիչքի 1587 գովազդ,

✔️ դիտարկվել է 2021թ. սեպտեմբեր-նոյեմբեր ընկած ժամանակահատվածը:

Ամենաշատը գովազդվել են`

շոկոլադը, հրուշակեղենը (30.2%)

գազավորված զովացուցիչ ըմպելիքները (20.3%)

թեյը և սուրճը (16.2%)

հյութերը (2.1%):

ԱՆ-ից նշում են, որ հետազոտության արդյունքներն անհանգստացնող են, քանի որ գովազդներն էական ազդեցություն ունեն երեխաների կողմից անառողջ սննդի և ըմպելիքների օգտագործման վրա:

«Ապացուցողական բժշկությունը ցույց է տալիս կապը՝ բարձր կալորիականությամբ սննդակարգերի, հագեցած ճարպերի, տրանսճարպերի, ազատ շաքարների և կերակրի աղի չարաշահման, մրգերի ու բանջարեղենի սակավ օգտագործման և ճարպակալման, շաքարային դիաբետի, սրտանոթային հիվանդությունների և որոշ տեսակի քաղցկեղների առաջացման միջև:

Հետազոտության նպատակն է մշտադիտարկել և գնահատել մինչև 16 տարեկան երեխաներին ուղղված սննդամթերքի և ըմպելիքների հեռուստատեսային մարքեթինգի շրջանակը և բնույթը՝ փաստահեն հիմք ստեղծելով նոր/գործող քաղաքականության մշակման համար` ամրապնդելով երեխաներին ուղղված հագեցած ճարպերով, տրանսճարպաթթուներով, շաքարով կամ աղով հարուստ սննդամթերքի և ըմպելիքների մարքեթինգի սահմանափակումը»,- նշում են ԱՆ-ից։