«Ժողովրդավարություն» անվանակարգում հաղթող են ճանաչվել նախկին իշխանությունները
Քաղաքացիական հասարակության կայացման մասին փուչիկը, որը փչել էին երբեմնի ընդդիմադիրներն ու օտարերկրյա հիմնադրամներից սնվող (ապա) հասարակական կազմակերպությունները, վաղուց է պայթել: Այժմ այդ մարդիկ տարբեր պաշտոնների են իշխանությունում, կառավարությունում, այն նույն մարդիկ, որոնք իբրև թե այդ քաղաքացիական հասարակությունը կայացնողներն էին: Մինչև իշխանազավթումը ստելով, թե քաղաքացիական հասարակության միջոցով Հայաստանում այսուհետ հնարավոր է լինելու վերահսկել իշխանությունների կամայականությունները, նրանք զավթեցին իշխանության ղեկը, և հիմա ակնհայտ է, որ Հայաստանում ոչ մի քաղաքացիական հասարակություն էլ չկա, իսկ այդպես հորջորջվածները ժամանակին այլ շահերով են ղեկավարվել, ոչ թե պետական ու հասարակական: Որքան էլ ԱՄՆ ներկայացուցիչ դեսպանը ինքն իրեն համոզելով հայտարարի, թե Հայաստանը տարածաշրջանում ժողովրդավարության բաստիոն է, փարոս, մեր երկրում, մեր պետության սահմաններից ներս իրականում գաղութացման, երկիրը ստրկացնելու և պետականությունը ոչնչացնելու նպատակ հետապնդող բռնատիրական բարքեր են տիրում՝ բռնակալ միապետի գլխավորությամբ: Այսօր որքան էլ ուզում ես կոկորդդ պատռելով աղաղակել տիրող անարդարությունների, մարդու, հասարակական առանձին խմբերի, ժողովրդի իրավունքների ոտնահարումների, իշխանությունների կամայականությունների մասին, դրանք դեմ են առնում բռնապետության անառիկ, ամենայն մանրակրկիտությամբ զոդված դարպասներին ու ջարդուխուրդ լինում: Այնինչ կար ժամանակ, երբ օրվա իշխանություններն իսկապես հաշվի էին նստում հասարակական կարծիքի հետ, տեղի տալիս հասարակական ճնշումներին ու պահանջներին, երբ դրանք իսկապես արդարացված էին և տեղին: Բոլորիս հիշողության մեջ դեռ վառ են «Էլեկտրիկ Երևան» անունը ստացած բողոքի ակցիաների դրվագները: Երբ 2015 թվականին ՀԾԿՀ-ի կողմից էլեկտրաէներգիայի թանկացման մասին հերթական որոշումը կայացվեց, հասարակական մեծ ընդվզում սկսվեց (այն ժամանակ բոլորս կարծում էինք, թե ակցիաներն ինքնաբուխ են և սոցիալական արդարությունը վերականգնելու նպատակ ունեն: Ավելի ուշ պարզ դարձավ, որ նախաձեռնությունն ընդամենը քաղաքական խնդիր էր լուծում՝ վարկաբեկելու օրվա իշխանություններին և մոտեցնելու իշխանազավթումը օտար գործակալների կողմից): Ամեն դեպքում ի պատասխան այդ ակցիաների՝ Սերժ Սարգսյանի որոշմամբ այդ ժամանակ լուրջ ուսումնասիրություններ նախաձեռնվեցին էլետրաէներգիա մատակարարող ռուսական ընկերությունում միջազգային կառույցի կողմից՝ պարզելու համար, թե էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը որքանով է արդարացված: Ի վերջո անգամ հնարավոր եղավ նվազեցնել սակագինը գոնե թե առժամանակ:
Հիշում ենք նաև Մաշտոցի պողոտայի հարևանությամբ գտնվող այգին առևտրի կենտրոնի վերածելու՝ քաղաքապետարանի նախաձեռնության դեմ կազմակերպված բողոքի ակցիաները: Անգամ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց այգի՝ խնդրին ծանոթանալու համար և իր թևավոր խոսք դարձած՝ «Սիրուն չէ, Տարոն ջան» արտահայտությամբ կանխեց այգու հնարավոր վանդալիզմը: Այսօր էլ այգին գործում է, և երևանցիների սիրված հանգստյան վայրերից է:
Հասարակական ու մասնագիտական ընդվզման, բողոքի շնորհիվ նախկին իշխանությունների օրոք շատ ծրագրեր են կանխվել, որոնք ամենևին էլ պետության ու հայ ժողովրդի շահերին չէին ծառայելու: Ավելին՝ բազմաթիվ ռիսկեր էին պարունակում: Կարող ենք դրանցից մի քանիսն էլ հիշել: Օրինակ սահմանադրական փոփոխությունների ժամանակ նախագծում ընդգրկված վտանգավոր այնպիսի դրույթներ, որոնք ուղղակիորեն հարված էին ավանդական ընտանիքին, Հայ Առաքելական սուրբ եկեղեցուն: Եվ դրանք հնարավոր եղավ հանել նախագծից՝ թույլ չտալով այդ ինստիտուտների կազմաքանդումը:
Մեկ այլ ծրագիր էլ, որը կառավարությունը փորձում էր ներդնել՝ ալյուրի հարստացման պատվիրակված ծրագիրը, ևս չեղարկվեց լուրջ մասնագետների, գիտնականների հիմնավորումներով և խնդիրը լայնորեն հանրայնացնելուց հետո:
Այդպես հնարավոր եղավ նաև կանխել չարաբաստիկ Ստամբուլյան կոնվենցիայի կիրառումը մեր երկրում՝ դրա հնարավոր բոլոր բացասական հետևանքներով:
Բայց «Էլեկտրիկ Երևանի» պես աղմկահարույց ընդվզումը թերևս տրանսպորտի սակագնի թանկացման դեմ նախաձեռնված «Ոչ 150 դրամներին» շարժումն էր, որը, ի դեպ, նորից հաջողությամբ պսակվեց այն առումով, որ քաղաքային իշխանությունները տեղի տվեցին և տրանսպորտի գինն այդպես էլ չվերանայվեց:
Նման օրինակներ կարելի է թվարկել ու թվարկել, որոնք փաստում են, որ, այո, մենք ունեցել ենք հասարակական, մասնագիտական պահանջի հետ հաշվի նստող նախագահ՝ Սերժ Սարգսանը, որն անձամբ էր հետամուտ լինում հանրային հնչեղություն ստացած հարցերի կարգավորմանը:
Եվ հիմա զուգահեռներ անցկացնենք նախկին և ներկա իշխանությունների՝ հասարակության, ժողովրդի հանդեպ ունեցած վերաբերմունքի ու ցուցաբերած վարքագծերի միջև և հանուն ազնվության ասենք, թե իրականում որ իշխանություններն են հավակնել կամ հավակնում ժողովրդավարության բաստիոնի կամ փարոսի տիտղոսին: 2018-ից այս կողմ կարո՞ղ եք հիշել մի բողոքի ակցիա, քաղաքացիական նախաձեռնություն, որը շարժել է քպ-ական իշխանությունների, նրանց ձևավորած կառավարության գութը, հանրային որևէ պահանջ նրանք կյանքի կոչե՞լ են: Հարցի պատասխանի ամենախոսուն օրինակը անօթևան մարդկանց վերջին կացարանից զրկելն ու փողոց նետելն է պաշտպանության նախարարության նախկին շենքից, որտեղ նրանք ստիպված էի եղել ապաստան գտնել:
Իսկ առաջին քաղաքական դեմքը նման կարևորություն ունեցող հարցերն անտեսելով՝ զբաղված է ցնցուղների գները ճշտելով և կախիչներ պոկելով՝ իբրև թե մտահոգ է երեխաների ուսման պայմաններով: Այսպիսի շոուներով քանի՞ հոգու կարելի է կերակրել:
Ծիծաղելի է անգամ՝ ժողովրդի ձեռքով բերված իշխանությունն ինչպիսի քամահրանքով է վերաբերվում հենց այդ ժողովրդին՝ անգամ չխղճալով հղի կնոջը ու նրան վրաերթի ենթարկելով, ինչ է թե վարչապետին էին ուղեկցում: Ինչպիսի անհանդուրժողականությամբ են մարդկանց ձեռքերից խլում նրանց սեփականությունը, ինչ է թե կենտրոնում թանկ գնով կարող են վաճառել այդ հողատարածքները և մեծ շահույթ ստանալ: Ինչպիսի՞ սանձարձակությամբ են բարձրացնում հարկերը, օրինակ, կենտրոնում բնակվողների համար, համարելով, որ եթե մարդն ի վիճակի չէ գույքահարկը վճարել, ուրեմն արժանի չէ կենտրոնում բնակվելու: Սա խնդրի սոցիալական կողմն է, «Էլեկտրիկ Երևանի» նման բովանդակություն ունեցող խնդիրներ են: Բայց, իհարկե, այդ շարժման երբեմնի նախաձեռնողներն այսօր ջայլամի կեցվածքով են նայում իրականությանը՝ գլուխը հողի մեջ խրած: Բոլորիս հասկանալի է նրանց պապանձվելու պատճառը՝ պատվեր տվող չկա, վճարող չկա:
Ի դեպ, ի տարբերություն այդ այսպես կոչված զանազան-զարմանազան նախաձեռնությունների՝ այսօր շատ ավելի կարևոր գործընթացների վերաբերյալ իրոք անկաշառ, սրտացավ ու հայրենասեր, պետականամետ քաղաքացիներ, մասնագետներ ու գիտնականներ բարձրաձայնում են, հիմնավորում իրենց մտահոգությունները, սակայն հանրային աջակցություն չեն ստանում, իսկ իշխանությունների համար նրանց հիմնավորումները այդպես էլ նրանց ուղեղներին չեն հասնում: Հիշենք՝ կրթական չափորոշիչների, դպրոցական ծրագրերից եկեղեցու պատմությունը վերացնելու, Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի բովանդակության փոփոխության, հիմա էլ Հայոց պատմություն առարկայի անվանումը Հայաստանի պատմության վերափոխելու իշխանական նախաձեռնությունները, բոլորն էլ քննադատվել են ծանրակշիռ հիմնավորումներով, բայց դրանք կյանքի են կոչվել, որովհետև իրականում այս իշխանությունները թքած ունեն թե հայ ժողովրդի, թե իրենց իշխանությունը ողջունած քաղաքացիների, թե մեր պետության վրա՝ թեկուզ և ժողովրդավարության շինարարների տիտղոսակիրներ են: Համենայն դեպս տպավորությունն այդպիսին է:
Թագուհի Ասլանյան