Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ հանդիպմանն Ալիևը քննարկել է Հայաստանի հետ բանակցային գործընթացը

Նոյեմբերի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ Սթարմերը հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։

Ալիևը հայտարարել է, որ ներկայում կողմերի միջև ընթանում են խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, «այդ պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, լուրջ առաջընթաց կա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցում, անցկացվել է ոչ միայն սահմանազատում, այլև ավելի քան 12 կիլոմետր երկարությամբ սահմանագծում, և հանձնաժողովի վերջին նիստում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջ գնալ այս գործընթացով»։

Միաժամանակ, Ադրբեջանի նախագահը հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։