«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գլխավոր գործադիր տնօրեն է դարձել Արմինե Աֆեյանը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գլխավոր գործադիր տնօրեն է դարձել Արմինե Աֆեյանը: Այս պաշտոնում Արմինե Աֆեյանը կփոխարինի Արման Ջիլավյանին, որը կազմակերպությունն առաջին տասնամյակում լավագույնս ղեկավարելուց հետո միանում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Տնօրենների խորհրդին՝ որպես փոխնախագահ:

«Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Արման Ջիլավյանին՝ իր առաջնորդության և «Ավրորայի» առաքելությանն անմնացորդ նվիրման համար»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր և Տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը։ «Արմանի հանձնառությունն օգնել է ընդլայնել «Ավրորայի» ազդեցությունն ամբողջ աշխարհում, և մենք վստահ ենք, որ նա կշարունակի ջանքեր ներդնել՝ արդեն որպես «Ավրորայի» Տնօրենների խորհրդի փոխնախագահ»:

Արմինե Աֆեյանն «Ավրորայի» թիմին էր կրկին միացել 2023 թ.. նախկինում՝ 2015-2016 թթ., նա եղել էր կազմակերպության հանրային կապերի պատասխանատուն: «Ավրորայից» բացի, տիկին Աֆեյանն աշխատել է սպառողական ուղղվածությամբ տեխնոլոգիական ընկերություններում, այդ թվում՝ որպես գլխավոր կառավարիչ Wayfair ընկերությունում:

«Արմինեի ղեկավարման փորձը թե՛ հանրային, թե՛ մասնավոր ոլորտում և նրա մեծ խանդավառությունը մարդասիրական աշխատանքի հանդեպ թույլ կտան նրան կազմակերպությունն առաջնորդել դեպի ազդեցություն գործելու մի նոր փուլ»,- նշեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր և Խորհրդի անդամ Էրիկ Էսրայիլյանը: «Վստահ եմ, որ Արմինեի ղեկավարությամբ «Ավրորան» կշարունակի հույս ներշնչել մարդկանց և մղել գործողության դժվարին պայմաններում՝ ընդլայնելով շարժումն աշխարհի բոլոր անկյուններում»:

«Մեծ պատվով եմ հետևելու Արմանի օրինակին՝ որպես գլխավոր գործադիր տնօրեն, և շարունակելու գործել այն ամուր հիմքի վրա, որը դրվել է կազմակերպության գործունեության առաջին տասնամյակում: Քանի որ մենք պատրաստվում ենք նշել «Ավրորայի» 10-ամյակը 2025 թվականին, մեծ է իմ ոգևորությունն աշխատելու մեր համաշխարհային գործընկերների և աջակիցների հետ, որպեսզի ընդլայնենք մեր ազդեցությունն ու ծրագրերը, աջակցենք մարդասերների հաջորդ սերնդին»,- ասաց Արմինե Աֆեյանը։ «Ես անչափ հպարտ եմ գործով արտահայտելու իմ երախտագիտությունը՝ լինելով «Ավրորայի» մի մասնիկն այս կարևոր ժամանակահատվածում»:

Ավելի վաղ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել էր, որ  նախաձեռնության երեք համահիմնադիրներին՝ Վարդան Գրեգորյանին, Նուբար Աֆեյանին և Ռուբեն Վարդանյանին է միացել Էրիկ Էսրայիլյանը՝ օգնելու նախաձեռնությանը շարունակել իր առաքելությունը գործունեության հաջորդ փուլում: Որպես «Ավրորայի» Տնօրենների խորհրդի անդամ և 2024 թ. «Ավրորայի» լոսանջելեսյան միջոցառումների համանախագահ՝ դոկտոր Էսրայիլյանն իր ունեցած ազդեցությունն ու առաջնորդական փորձը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գիտության, արդյունաբերության, բարեգործության և մարդու իրավունքների պաշտպանության, կկիրառի իր նոր դերում և կաջակցի նախաձեռնության զարգացմանը՝ գործունեության տասնամյակին ընդառաջ և հետո: