Հայաստանը կմասնակցի Վիեննայում կայանալիք Սուրբ Ծննդյան տոնավաճառին

Հայաստանի մշակութային ժառանգության միջազգային հանրահռչակման և երկրի ճանաչելիության բարձրացման նպատակով նոյեմբերի 16-ից դեկտեմբերի 23-ը Հայաստանն առանձին տաղավարով մասնակցելու է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք Շպիտելբերգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Նշվում է, որ ծրագիրն իրականացվում է նախարարության նախաձեռնությամբ՝ Մշակույթի զարգացման հիմնադրամի և «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ:

Հայկական տաղավարում ցուցադրվելու են շուրջ 40 վարպետի ձեռագործ աշխատանքներ, այդ թվում՝ կարպետագործության, խեցեգործության, տիկնիկագործության տարբեր նմուշներ և հուշանվերներ:

Շպիտելբերգի Սուրբ Ծննդյան տոնավաճառը կայուն ավանդույթ ունեցող միջոցառում է, որը սկսած 1970-ական թվականներից՝ իրականացվում է Վիեննայի պատմական թաղամասերից մեկում:

Հայաստանի առաջին մասնակցությունը Սուրբ ծննդյան տոնավաճառին տեղի է ունեցել 2023 թվականին Ստրասբուրգում: