Իրանը կոչ է արել Իսրայելին հեռացնել ՄԱԿ-ից՝ Սիրիային հարված հասցնելուց հետո
Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի հարձակումը Սիրիայի վրա՝ կոչ անելով զենքի մատակարարումների էմբարգո սահմանել Իսրայելի դեմ և այդ երկիրը հեռացնել Միավորված ազգերի կազմակերպությունից: Այս մասին հաղորդում է kommersant.ru–ն։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը «խստորեն դատապարտել է ագրեսիվ հարձակումը, որն այսօր սիոնիստական ռեժիմի կողմից Դամասկոսի շրջանում իրականացվել է բնակելի շենքի վրա»։
Հաշվի առնելով Սիրիայի վրա բազմաթիվ հարձակումները, ինչպես նաև ռազմական գործողությունները Գազայի հատվածում և Լիբանանում՝ Բաղային կոչ է արել միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ, ներառյալ զենքի մատակարարումների էմբարգո, և երկիրը հեռացնել ՄԱԿ-ից:
Ավելի վաղ սիրիական SANA պետական լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Դամասկոսում բնակելի շենքին հասցված իսրայելական հարվածի հետևանքով զոհվել է 7 խաղաղ բնակիչ, 20 մարդ վիրավորվել է։