Ամերիկյան ռազմական կապալառուները կաջակցեն Ուկրաինայում ԱՄՆ ռազմական տեխնիկայի սպասարկմանը և վերանորոգմանը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հանել է Ուկրաինայում ամերիկյան ռազմական կապալառուների աշխատանքի նկատմամբ փաստացի արգելքը՝ հնարավորություն տալով նրանց աջակցել ուկրաինական բանակին ԱՄՆ-ի կողմից տրամադրված ռազմական համակարգերի, հատկապես F-16 կործանիչների և Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի վերանորոգման և պահպանման գործում։ CNN-ը հայտնում է, որ որոշումը հաստատվել է այս ամսվա սկզբին՝ ընտրություններից առաջ։
Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ նոր քաղաքականությունը նպատակ ունի արագացնել ուկրաինական զինված ուժերի օգտագործած ամերիկյան տեխնիկայի սպասարկումն ու վերանորոգումը։ Մասնավորապես, ծրագրի շրջանակներում կապալառուները կաշխատեն ուկրաինական բանակի զինտեխնիկայի վրա՝ հեռու մնալով առաջնագծից և ռուսական ուժերի հետ բախումներից։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը նշել է, որ յուրաքանչյուր կապալառու կամ կազմակերպություն պատասխանատու կլինի սեփական աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար։ Ավելին, մասնակցող ընկերություններից կպահանջվի ներկայացնել ռիսկերի նվազեցման պլաններ, որոնք ներառված կլինեն իրենց հայտերում։
Մինչ այս փոփոխությունը, ԱՄՆ-ը խստորեն սահմանափակել էր ամերիկացիների ներգրավվածությունը Ուկրաինայում՝ բացառելով նրանց մասնակցությունը առաջնագծում։ Վերանորոգման և սպասարկման աշխատանքներն իրականացվել են ՆԱՏՕ-ի այլ երկրներում, ինչպիսիք են Լեհաստանը և Ռումինիան, ինչը պահանջում էր լրացուցիչ ժամանակ։ Տեխնիկական աջակցությունն իրականացվել է միայն հեռահար օգնությամբ՝ հեռախոսային կապի կամ տեսազանգերի միջոցով։
Պաշտոնյաները հավաստիացրել են, որ այս փոփոխությունը չի հանգեցնի ԱՄՆ կապալառուների լայնամասշտաբ ներկայության Ուկրաինայում, ինչպես եղել է Իրաքում և Աֆղանստանում։ Ակնկալվում է, որ նոր քաղաքականությունը կենթադրի մի քանի տասնյակից մինչև երկու հարյուր կապալառուների աշխատանք Ուկրաինայում։
Այս որոշումը, ըստ պաշտոնական աղբյուրների, զգուշորեն գնահատվել է և համաձայնեցվել է բոլոր ներգրավված կառույցների հետ՝ նպաստելու ուկրաինական բանակի ռազմական կարողությունների ամրապնդմանը Ռուսաստանի դեմ հակամարտության պայմաններում։