Թրամփն Աբասին խոստացել է զբաղվել Գազայի հատվածում հրադադարի հասնելու հարցով
ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասի հետ հեռախոսազրույցում խոստացել է անդրադառնալ Գազայի հատվածում պատերազմի դադարեցման խնդրին: Այդ մասին հայտնում է Axios պորտալը։
Նշվում է, որ Պաղեստինի առաջնորդը շնորհավորել է Թրամփին ընտրություններում հաղթելու կապակցությամբ և հաստատել իր պատրաստակամությունն աշխատել ամերիկյան նոր վարչակազմի հետ՝ միջազգային իրավունքի և սկզբունքների վրա հիմնված արդար և համապարփակ խաղաղության հասնելու համար:
Մահմուդ Աբասը հայտարարել է, որ Թրամփն ի պատասխան հաստատել է պատերազմը դադարեցնելու իր հանձնառությունը և տարածաշրջանում խաղաղության հաստատման նպատակով Պաղեստինի ղեկավարի, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային այլ շահագրգիռ կողմերի հետ համագործակցելու պատրաստակամությունը:
Axios-ը հայտնում է, որ Աբասը և Թրամփը չէին շփվել այն ժամանակից, երբ վերջինս Սպիտակ տանը նախորդ պաշտոնավարման շրջանում Երուսաղեմը ճանաչել էր Իսրայելի մայրաքաղաք և այնտեղ էր տեղափոխել ԱՄՆ-ի դեսպանատունը: