Ըստ էության՝ «ջրվեց» խաղաղության պայմանագրի հետ կապված բլինքենյան ու բայդենյան հայտարարությունները
ԱՄՆ-ի ընտրություններից հետո աշխարհաքաղաքական խճանկարն ամբողջությամբ փոխվում է, քանի որ այն քայլերը, որոնք իրականցնում էր Բայդենի վարչակարգը վերջին 4 տարիների ընթացքում, այլևս դառնում են անցյալ, և առաջիկայում սպասվում են նոր, լրիվ այլ, իրականություն։
Ամիսներ առաջ իմ վերլուծություններից մեկում նշել էի, որ Նիկոլ Փաշինյանը, ով այդքան ինքնամոռաց հանդիպում ու բանակցում էր Բլինքենի հետ, մեղմ ասած, այդքան էլ ճիշտ հաշվարկներ չի անում, քանի որ այդ մարդն ամիսներ անց, ուղղակի կարող է քաղաքական գործընթացներում այլևս չլինել, և նրա հետ բանակցած ու քննարկած բոլոր փաստաթղթերը, բանավոր պայմանավորվածությունները կմնան պատմության հավերժ արխիվում։ Եվ, ահա, այսօր մենք առերեսվում ենք այդ փաստի հետ, որ Նիկոլ Փաշինյանը դարձյալ սխալ «խաղադրույք» է կատարում՝ կուրորեն վստահելով ու տրվելով Արևմուտքին։ Իսկ նման դեպքերին սովորաբար հաջորդում է սնանկությունը։
Ըստ էության՝ «ջրվեց» խաղաղության պայմանագրի հետ կապված բլինքենյան ու բայդենյան հայտարարությունները (հիմի կասեն՝ «խեղճ հարիֆն ի՞նչ անի, սաղ էդ Թրամփն ա մեղավոր») մնացին օդում կախված (ի դեպ՝ փաշինյանական «սազանդարներն» արդեն սկսել են այդ թեզն աստիճանաբար գեներացնել)։
Միանշանակ է, որ քաղաքական գործիչը պետք է ունենա քաղաքական հաշվարկ, ինչը, ինչպես Փաշինյանի մյուս բոլոր դեպքերում, այստեղ ևս գոյություն չունի։ Սա խոսում է Փաշինյանի անհեռանկար ու ռիսկերի զրոյական գնահատման արտաքին քաղաքականություն վարելու մասին, երբ ամեն ինչ արվում է ըստ իրավիճակի՝ առանց հետևանքների խորքային ուսումնասիրության ու հնարավոր այլ տարբերակների քննարկաման։
Նիկոլ Փաշինյանի սիրել դեմոկրատական վարչակարգն այլևս գոյություն չունի, և նա, իր սիրելի արևմտականների հետ, պետք է խոսի «հանրապետական տերմինաբանությամբ», իսկ քանի որ Փաշինյանն իր արժեքներով կիլոմետրերով հեռու է պահպանողականությունից, կարող ենք ենթադրել, որ էական արդյունք, ցավոք սրտի, չի լինելու։