ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Թրամփին նախագահ ընտրվելու կապակցությամբ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն շնորհավորել է ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթանակի կապակցությամբ:
«Ես քիչ առաջ շնորհավորեցի Դոնալդ Թրամփին Միացյալ Նահանգների նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Նրա առաջնորդությունը ևս մեկ անգամ առանցքային կլինի մեր Դաշինքն ուժեղ պահելու համար։ Ես անհամբերությամբ սպասում եմ նորից նրա հետ աշխատելուն՝ առաջ տանելու խաղաղությունն ուժի միջոցով, ՆԱՏՕ-ի միջոցով», – գրել է Ռյուտեն։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ընտրություններում իր հաղթանակի մասին այն բանից հետո, երբ Fox News–ը կանխատեսել է, որ նա հաղթել է ԱՄՆ փոխնախագահ, դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսին։ Ըստ Fox News-ի՝ Թրամփն ապահովել է ընտրիչների 277 ձայն՝ անհրաժեշտ 270-ից։ Ըստ այլ լրատվամիջոցների տվյալների՝ Թրամփն ապահովել է ընտրիչների 267 ձայն, Հարիսը՝ 224։
Թրամփն արդեն շնորհավորանքներ է ստացել ընտրվելու կապակցությամբ աշխարհի մի շարք երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի, Հունգարիայի, Իսրայելի ղեկավարներից։