Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին

Տելեգրամյան ալիքներով օրերս տեղեկատվություն էր տարածվել թուրքական Բելեկ առողջարանային քաղաքում անհայտ վիրուսով հիվանդացության բռնկման մասին:

Ինչպես ասում են, ծուխն առանց կրակ չի լինում, սակայն Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը հերքել է թուրքական Բելեկի ծովափին վարակի զանգվածային բռնկումը՝ չնայած, ինչպես նոյեմբերի 2- ին գրել է «Коммерсантъ»– ը , «մի շարք զբոսաշրջիկներ բուժհաստատություններ են դիմել վարակիչ հիվանդության նշաններով»:

Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը հայտնել է, որ Բելեկի ծովափին հիվանդության զանգվածային բռնկում չի նկատվում: Այսինքն, ստացվում է, հիվանդության բռնկում նկատվում է, բայց այն զանգվածային չէ: Դիվանագիտական գերատեսչությունը միաժամանակ հավաստել է, որ կշարունակի հետևել այս իրավիճակին, և խոստացել անհրաժեշտության դեպքում հյուպատոսական արձագանքման միջոցներ ձեռնարկել:

Բնականաբար, հարց է առաջանում՝ ո՞րն է հիվանդության բռնկումը զանգվածային գնահատելու չափանիշը… Պետք է վերածվի համաճարակի, նո՞ր գնահատվի զանգվածային… Ինչ հետևություն կարելի է անել Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության վերոնշյալ հերքումից:

Ինչպես հասկանալի է դառնում «Коммерсантъ»- ի հիշյալ հրապարակումից, հրապարակված տեղեկատվությունը հերքելով, հյուպատոսությունն առաջնորդվել է նրանով, որ «իրավիճակի վերաբերյալ արտակարգ դիմումներ չի ստացել»: Կարելի է ենթադրել, որ արտակարգ դիմումները մեծ քանակի դիմումներն են, այսինքն՝ դիմումների արտակարգ քանակը, սակայն այդ դեպքում հարց է առաջանում, թե հյուպատոսությունը քանի՞ դիմում պետք է ստացած լիներ, որ կատարվածը համարեր հիվանդացության զանգվածային բռնկում…

Այդ դիմումները կարող էին մի քանի հարյուր կամ մի քանի տասնյակ չլինել, եթե «արտակարգ դիմումներ»- ի բացատրության վերաբերյալ վերը նշված մեր ենթադրությունը սխալ է, կարող էին նույնիսկ ընդհանրապես չլինել, սակայն դա չպետք է հիմք հանդիսանար հերքման համար, քանի որ, նախ, հյուպատոսությունը բժշկական ծառայություն չէ, որ իրեն դիմեին:

Երկրորդ՝ վարակվածներն իրենց ինքնազգացողության վատացման պատճառով, եթե միայնակ չեն եղել, այլ ընտանիքի անդամի, ընկերոջ կամ հարազատի հետ, վերջիններս ժամանակի սղության պատճառով, հնարավոր է, հյուպատոսություն չեն դիմել, կամ նրանց սոսկ մի մասն է դիմել, մանավանդ, եթե հյուպատոսությունից որևէ ակնկալություն չեն ունեցել, փոխարենը նախընտրել են իրենց խնդիրներն անհատապես լուծել, օրինակ, տեղում բժշկի դիմելով կամ վստահելի բուժօգնության համար նախատեսված ժամանակից շուտ հայրենիք վերադառնալով:

Ըստ «Shot» տելեգրամյան ալիքի տվյալների, հիվանդների մոտ ջերմաստիճանը բարձրացել է 39 աստիճանից բարձր, հիվանդներին անհրաժեշտ են եղել կաթիլային ներարկումներ։ Ենթադրվում է, որ պատճառը կարող է լինել կոկսակի վիրուսը, ռոտավիրուսը կամ կորոնավիրուսի ձևերից մեկը։

«Տեղական իշխանությունները հավաստիացնում են, որ զանգվածային բողոքների մասին ահազանգեր չեն ստանում, և անհրաժեշտության դեպքում ձեռնարկվում են բոլոր միջոցները զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու համար»,- նշված է Անթալիայում ՌԴ գլխավոր հյուպատոսության հաղորդագրության մեջ, ինչը բնավ պատիվ չի բերում դիվանագիտական հիշյալ հաստատությանը, քանի որ միայն հիմարներին պարզ չէ, թե ինչ պետք է հավաստիացնեին Թուրքիայի տեղական իշխանությունները զբոսաշրջային բիզնեսի իրենց միլիոններից չզրկվելու համար:

Նույնը կարելի է ասել իր երկրի տնտեսական և այլ շահերով առաջնորդվող Թուրքիայի առողջապահության նախարարության մասին, որը «РИА Новости»- ին տված մեկնաբանության մեջ նաև հերքել է Բելեկում ռուսաստանցի զբոսաշրջիկների զանգվածային վարակման մասին լուրերը: Այլ շահեր ասելով, նկատի ունենք այն, որ որքան շատ ռուսաստանցիներ չզգուշանան, շտապ չվերադառնան Ռուսաստան, ՌԴ-ում գտնվողները վարակի վերաբերյալ տարածված լուրերին չհավատալով, մեկնեն Անթալիա և վիրուսն իրենց հետ բերեն Ռուսաստան, խնդիրներ առաջացնեն ՌԴ- ի համար, այնքան դա ձեռնտու կլինի ՆԱՏՕ- ի անդամ Թուրքիային:

Ավելին. ըստ նախարարության տեղեկատվության, ռուսները տեղական բուժհաստատություններ չեն դիմել վիրուսի վերաբերյալ բողոքներով: Նկատենք, որ սա ուղղակիորեն հակասում է տելեգրամյան ալիքների հաղորդածին՝ «մի շարք զբոսաշրջիկներ բուժհաստատություններ են դիմել վարակիչ հիվանդության նշաններով»: Ավելին. հակասում է ոչ միայն տելեգրամյան ալիքների հաղորդածին, այլև «РИА Новости»- ին Անթալիայում ՌԴ գլխավոր հյուպատոսության հայտնածին , որ տարածաշրջանի բուժհաստատություններ զբոսաշրջիկների մի շարք դիմումներ են եղել՝ բարձր ջերմաստիճանի և վարակիչ հիվանդության այլ նշանների գանգատներով:

Ավելի վաղ «Shot Telegram» ալիքը հայտնել էր Անթալիա գավառում գտնվող Բելեկի ծովափի հանգստավայրերում «անհայտ» և «հզոր վիրուսով» հիվանդացության բռնկման մասին։ Տելեգրամյան ալիքի տվյալներով՝ զբոսաշրջիկների մի մասը սկսում է հիվանդանալ Ռուսաստան վերադառնալուց հետո, ոմանց մոտ վիրուսն իրեն դրսևորում է հենց ինքնաթիռում։

Շահագրգիռ կողմի (Թուրքիայի առողջապահության նախարարության, հյուրանոցների ներկայացուցիչների)՝ իրականությունը հերքելու խայտառակ փորձերը, ինչպես նաև Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության նվազագույնը դանդաղկոտությունը և իրավիճակին ոչ համարժեք արձագանքը չէին կարող հետևանքներ չունենալ և, ցավոք, ունեցել են. վարակը հասել է Ռուսաստան:

Հաշվի առնելով վերը շարադրվածը, Հայաստանի «առողջապահություն նախարարություն» կոչվածից պահանջում ենք անհապաղ ձեռնարկել իրավիճակից բխող խստագույն միջոցառումներ՝ Թուրքիայից և Ռուսաստանից Հայաստան վարակի ներթափանցումը կանխելու համար, և զգուշացնում, որ սույն պահանջը զանց առնելու դեպքում կրելու են հետևանքների ողջ պատասխանատվությունը, և տվյալ անգործությունը գնահատվելու է ոչ միայն հանցավոր, այլև Նիկոլ հայադավի վարչակարգի հերթական չարագործությունը Հայաստանի բնակչության նկատմամբ:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան