Նոր օրինագծով ի սկզբանե բացակայում է կոնսերվատորիա բառը. Կոնսերվատորիայի ներկայացուցիչ
Այսօր Մեդիա կենտրոնում կայացել է քննարկում՝ «4000 ուսանողի շեմը կորոշի բուհի ճակատագիրը․ բարձրագույն կրթության նոր օրինագծի հետևանքները» թեմայով։
Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում, հանրային քննարկման է ներկայացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը։
Բարձրագույն ուսումնական հաստատությունների լիցենզավորման վերաբերյալ 15-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները ենթակա են լիցենզավորման։ Լիցենզիայով սահմանվում է բուհում ուսանողների սահմանային շեմը, որը չի կարող պակաս լինել 4000-ից:
Ի՞նչ է լինելու այն բուհերի հետ, որոնք չեն կարող հաղթահարել այս շեմը։
Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ներկայացուցիչ Գոհար Նշանյանն ասաց, որ այդ պահանջը կոնսերվատորիայի համար ամենամեծ մարտահրավերն է, որովհետև եթե չի ապահովում 4000-ի շեմը, ապա այն չի լիցենզավորվում: «Եթե մենք գնում ենք դեպի որակի բարձրացում այս օրենքով, չեմ կարծում, թե թվաքանակով պետք է պայմանավորված լինի կրթության որակը՝ հատկապես արվեստի ճյուղերի բնագավառում: Գիտենք, որ միշտ էլ արվեստի ճյուղերի գծով բուհական կրթությամբ զբաղվել են ոչ բոլորը»,-ասաց նա՝ նկատելով, որ ցանկացած իրավական ակտում և օրենքի նախագծում լինում են բացառություններ. «Եթե գնում են դեպի բուհերի խոշորացում, կարող էին բացառություններ անել՝ հատկապես արվեստի բուհերի համար, ինչու չէ նաև սպորտի բնագավառի, որովհետև այդ կերպ չեն սահմանափակի նրանց լինելու իրավունքը»: Գոհար Նշանյանն ընդգծեց, որ ավելի մեծ խնդիր էլ է տեսնում, ըստ որի` ի սկզբանե բացառվում է կոնսերվատորիայի գոյությունը. «Գործող օրենսդրության մեջ կա կոնսերվատորիա հասկացությունը, մինչդեռ ներկայիս նախագծում կա համալսարանական կրթական ծրագրեր հասկացությունը, և բացակայում է կոնսերվատորիա բառը»:
Կոնսերվատորիայի ներկայացուցիչը նշեց, որ բուհն արդեն իր պաշտոնական տեսակետը ներկայացրել է պատկան մարմիններին: