Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում… 19
Սկիզբը` այստեղ
Հոկտեմբերի 1- ին Իսրայելին հասցված Իրանի հրթիռային հարվածներից հետո, ըստ արտերկրի ԶԼՄ- ների հրապարակումների, հրեական պետությունը սկզբնապես մտադիր էր հարվածել իրանի միջուկային կամ նավթային օբյեկտներին, սակայն ԱՄՆ- ի նախագահ Ջո Բայդենին հաջողվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին համոզել, որ հրաժարվի Իրանի համար առավել կարևոր այդ օբյեկտներին հարվածելու մտադրությունից, բավարարվի Իրանի ռազմական օբյեկտներին հարվածելով: Անշուշտ, ոչ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սիրուն աչքերի համար կամ Իրանի, նրա ժողովրդի սիրույն…
Բայդենը, ԱՄՆ- ի ղեկավարությունը հասկանում էին, որ Իրանի համար շատ մեծ կարևորություն ունեցող միջուկային կամ նավթային օբյեկտներին Իսրայելի հարվածից հետո Իսլամական Հանրապետությունն իր ռազմական ամբողջ կարողությամբ հարվածելու է Իսրայելին, մերձավորարևելյան մեծ պատերազմը դառնալու է անխուսափելի, ինչն իր մեջ ներքաշելու է նաև ԱՄՆ- ին, քանի որ Իսրայելն, առանց միջուկային զենք օգտագործելու, չի կարողանալու հաղթել Իրանին, և եթե չջախջախվի, առնվազն ահավոր վնասներ է կրելու, իսկ միջուկային զենքի օգտագործումն ունենալու է չափազանց լուրջ հետևանքներ…
Բացի վերոնշյալից, նախընտրական շրջանում Սպիտակ տան «խաղաթղթերն» անթույլատրելի կերպով կխառնվեին նաև աշխարհում և ԱՄՆ- ում նավթի և նավթամթերքների գների կտրուկ և էական բարձրացման հետևանքով, հատկապես, եթե հարվածը հասցվեր Իրանի նավթային օբյեկտներին: Եվ, ի վերջո, եթե իրադարձությունները զարգանային վերոնշյալ սցենարով, Թրամփի ընտրվելը կդառնար ուղղակի անխուսափելի: Ահա թե ինչու է համոզել Բայդենը Նաթանյահուին, բայց…
Աղա, ուրեմն ասում ես խփեմ միայն ռազմական օբյեկտների՞ն, հա՞, դատելով ամենից, ասել է Նաթանյահուն Բայդենին. լավ, կխփեմ միայն ռազմական օբյեկտներին:
Բայց երևի բոլորս էլ հասկանում ենք՝ խփել էլ կա, խփել էլ, և հոկտեմբերի լույս 26- ի գիշերն Իսրայելն այնպիսի ավիահարված է հասցրել Իրանին, պատճառել այնպիսի մեծ վնաս, որ անխուսափելի է դարձրել Իրանի պատասխան հարվածը: Եվ, ահա, հիմա հարցը ոչ թե Իրանի խփել- չխփելը, Իսրայելին պատասխան հարված տալ- չտալն է (Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներն արդեն հայտարարել են, որ պատասխան հարված լինելու է), այլ այն, թե Իրանը ե՞րբ կգնա այդ քայլին:
Եթե Իրանը մինչև այս պահը չի հարվածել Իրանին, ապա դժվար թե մինչև նոյեմբերի 5 -ին կայանալիք նախագահական ընտրությունները հարվածի ու դրանով նպաստի իր համար առավել անցանկալի թեկնածուի՝ Թրամփի ընտրվելուն: Հետևաբար իրականությանը չհամապատասխանող կստացվի բարձրաստիճան աղբյուրի «հավաստի» տվյալներին հղում կատարելով, հոկտեմբերի 31- ին ամերիկյան CNN հեռուստաընկերության հայտնած տեղեկությունը, թե Իսրայելի ագրեսիային Իրանը մտադիր է վճռական պատասխան տալ մինչև նոյեմբերի 5- ին նախատեսված ԱՄՆ- ի նախագահական ընտրությունները, Իրանը չի հապաղելու…
Նույնը կարելի է ասել նաև իսրայելական «Axios» պորտալի հոկտեմբերի 31- ի հրապարակման կապակցությամբ: Լրատվամիջոցը վկայակոչելով իսրայելական հետախուզության իր աղբյուրները, հայտնել էր, թե Իրանը, մինչև նոյեմբերի 5- ին ԱՄՆ- ի նախագահի ընտրությունները, պատրաստվում է Իրաքի տարածքից լուրջ հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան հրեական պետության կողմից վերջերս իր նկատմամբ իրականացված հարձակման:
Այսպիսով ժամեր հետո հնարավոր կլինի եզրակացնել, որ իրականությանը համապատասխանողը ամերիկյան «Նյու Յորք Թայմս» («The New York Times») թերթի հրապարակումն է, ըստ որի, իրանցի պաշտոնյաները հայտնել են, որ հարվածները սպասվում են նոյեմբերի 5- ին ԱՄՆ- ի նախագահի ընտրություններից հետո, քանի որ Իրանում մտավախություն ունեն, որ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կարող է Մերձավոր Արևելքում լարվածության սրումից օգտվել նախընտրական նպատակներով:
Ինչպես իր աղբյուրներին հղում անելով, հայտնել է ռազմական թեմաների լուսաբանման մեջ մասնագիտացած «The Wall Street Journal»- ը, Իրանը կարող է ավելի հզոր մարտագլխիկներ գործի դնել Իսրայելի դեմ պատասխան հարձակման ժամանակ՝ համեմատած նախորդ հարձակումների հետ։
Ըստ այդմ, իրանցի և արաբ անանուն պաշտոնյաները պնդում են, որ Իրանի իշխանությունները չեն ծրագրում Իսրայելին հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով պատասխանելիս, հարվածների հարցում սահմանափակվել, ինչպես դա եղել է նախորդ հարձակումների ժամանակ: Աղբյուրները պնդել են, որ տվյալ իրավիճակում օգտագործվող ցանկացած հրթիռ կունենա ավելի հզոր մարտագլխիկ։ Հրապարակման մեջ նշվում է, որ Իրանը նախատեսում է «համալիր պատասխան» Իսրայելի գործողություններին:
Աղբյուրները նաև ընդգծել են, որ Թեհրանի գրոհին, բացի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից (ԻՀՊԿ), այս անգամ կարող է մասնակցել նաև սովորական, այսինքն՝ կանոնավոր բանակը: Իրանը կարող է զգալիորեն ուժեղացնել Իսրայելի դեմ պատասխան գործողությունների մասշտաբները՝ գործողություններում ներգրավելով ոչ միայն իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի էլիտար ստորաբաժանումներին, այլև կանոնավոր բանակի ուժերին, գրել է «The Wall Street Journal»- ը:
Պարբերականի տեղեկություններով՝ Թեհրանն այդ որոշումն ընդունել է ի պատասխան իսրայելական վերջին հարձակումների, որոնք զոհեր են առաջացրել իրանցի զինվորականների և քաղաքացիական բնակչության շրջանում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է կայացրել պատասխանել հոկտեմբերի 26- ին Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության ռազմական օբյեկտների վրա իրականացված հարձակմանը: Իրանի պատասխանը իսրայելական հարձակմանը զգալիորեն ավելի հզոր կլինի, քան բոլոր նախորդները։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26- ին իսրայելական զինվորականները հարվածներ են հասցրել Իրանի Թեհրան, Իլամ և Խուզեստան գավառների տարածքում գտնվող ռազմական կենտրոններին: Մասնավորապես, հարված է հասցվել նաև «Շահրուդ» տիեզերական կենտրոնին, որտեղ հրթիռային շարժիչների համար արտադրում են պինդ վառելիք։
Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշքիանը նոյեմբերի 1- ին հայտարարել էր, որ հոկտեմբերի 26- ի հարձակումից հետո Իսրայելի դեմ պատասխան քայլեր ձեռնարկելու Իրանի որոշման վրա կարող է ազդել Գազայի հատվածում և Լիբանանում հրադադար հաստատելու Իսրայելի համաձայնությունը, սակայն նշված համաձայնությունն առայժմ չկա:
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան