Հուսով եմ՝ COP-29-ը հյուրընկալողը գիտակցում կունենա և ազատ կարձակի հայ գերիներին. ՄԱԿ-ի նախկին հանձնակատար (տեսանյութ)
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների նախկին գերագույն հանձնակատար, Իռլանդիայի նախկին նախագահ և «The Elders» խմբի նախագահ Մերի Ռոբինսոնը տեսաուղերձով ողջունել է UWC Դիլիջանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ կազմակերպված՝ «Կլիմայական «արդարությունն» ու դրա նշանակությունը Հայաստանում և աշխարհում» երիտասարդների համաժողովը, որն անցկացվել է COP-29-ին ընդառաջ:
Մերի Ռոբինսոնն անդրադարձել է նաև մեկ տարուց ավելի Ադրբեջանի բանտում ապօրինի պահվող՝ UWC Դիլիջանի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին.
«Երբ մի քանի տարի առաջ Հայաստանում էի՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջոցառումների շրջանակում, այցելեցի UWC Դիլիջան: Տեղյակ էի, որ այն հիմնադրել է իմ ընկեր Ռուբեն Վարդանյանը, որը ցավոք, այս պահին քաղբանտարկյալ է, որովհետև նա լավ առաջնորդություն է ունեցել և փորձել է օգնել իր ժողովրդին, որը հակամարտությունների իրավիճակում էր:
Հույս ունեմ այս տարի COP-29 հյուրընկալող Ադրբեջանը տարածաշրջանում մի փոքր խաղաղություն հաստատելու գիտակցում կունենա և ազատ կարձակի Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ քաղբանտարկյալներին ու գերիներին»։