Դատավորների Եվրոպական միությունը կոչ է անում ՀՀ-ին զերծ մնալ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցման չարաշահումներից
Դատավորների Եվրոպական միության բանաձևը՝ Հայաստանի վերաբերյալ
2024 թվականի հոկտեմբերի 18-ին Քեյփթաունում տեղի ունեցած համաժողովում Դատավորների եվրոպական միությունը (EAJ) խորը հիասթափությամբ և մտահոգությամբ արձանագրում է Հայաստանում պաշտոնատար անձանց կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցման չարաշահումների և դատավորների անկախությանը միջամտության փաստը՝ նշելով 2023 թվականի հուլիսի 2-ին և 14-ին Աթենքում կայացած տարեկան համաժողովում նույնանման բանաձևի ընդունումից հետո վիճակը ոչ միայն չի բարելավվել, ընդհակառակը՝ վատթարացել է:
Վերոնշյալի կապակցությամբ Դատավորների եվրոպական միությունն արձանագրում է.
- Որպես դատավորների անկախության նկատմամբ միջամտություն և օրենքի գերակայության սկզբունքի խախտում պետք է դիտարկվեն բոլոր այն դեպքերը, երբ դատավորի դատավարական իրավունքները կարգապահական վարույթների ընթացքում ոտնհարվում կամ բավարար չափով չեն երաշխավորվում։
- Որպես դատավորների անկախության նկատմամբ միջամտություն և օրենքի գերակայության սկզբունքի խախտում պետք է դիտարկվեն բոլոր այն դեպքերը, երբ դատական իշխանությանը սպասարկող վարչական մարմինները ԶԼՄ-ները և սոցիալական մեդիան օգտագործում են դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցումը նախաձեռնելու և պահանջելու նպատակով:
- Որպես դատավորների անկախության նկատմամբ միջամտություն և օրենքի գերակայության սկզբունքի խախտում պետք է դիտարկվեն այն բոլոր դեպքերը, երբ կարգապահական վարույթներ հարուցողները ուղղակի կամ անուղղակի ազդեցություն ունեն կարգապահական վարույթներին լուծում տվող անձանց վրա:
- Որպես դատավորների անկախության նկատմամբ միջամտություն և օրենքի գերակայության սկզբունքի խախտում պետք է դիտարկվեն բոլոր այն դեպքերը, երբ դատավորների գնահատումն իրականացվում է այնպիսի մարմնի կողմից, որում մեծամասնություն են կազմում ոչ դատավոր անդամները:
- Որպես դատավորների անկախության նկատմամբ միջամտություն և օրենքի գերակայության սկզբունքի խախտում պետք է դիտարկվեն բոլոր այն դեպքերը, երբ դատավորների վրա շարունակական ճնշում է գործադրվում՝ գործունեության գնահատման շատ կարճ ժամկետ սահմանելով և անհարկի հաշվետվություններ ներկայացնելու լայնածավալ համակարգ ներդնելով
Վերոգրյալների հիման վրա՝ Դատավորների եվրոպական միությունը.
Ակնկալում է հայաստանյան իշխանություններից՝ զերծ մնալ նման քայլերից
Հրավիրում է Եվրոպայի խորհրդի իրավասու մարմիններին և այլ կառույցներին հետևելու Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով և
ակնկալում՝ գնահատման և կարգապահական վարույթների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների անշեղ հետևում և ոչ թե շրջանցում:
Փաստաթղթին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղումով՝