Երեխաներին նորից սթրեսի են ենթարկում. Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կրկին լարված է մթնոլորտը

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում փորձում են տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել դպրոցին անծանոթ մարդու, ինչին դեմ են ծնողներն ու ուսուցչական կոլեկտիվը

Տնօրենի փոփոխությունը դպրոցում կապում են օրեր առաջ տեղի ունեցած միջադեպի հետ, երբ ԱԱԾ աշխատակիցները դասի ընթացքում ներխուժել էին դպրոց ու հենց երեխաների աչքի առաջ ձերբակալել ֆիզիկայի տարեց ուսուցչին։

«Փաստինֆոյի» հետ զրույցում ծնողներից մեկը, ով չցանկացավ անունը հրապարակել՝ ասաց, որ իր համար հասկանալի չէ դրսից տնօրենի ժպ-ի նշանակումը, այն պարագայում, երբ դպրոցում ունեն մարդ, որ բոլոր երեխաներին շատ լավ ծանոթ է, բոլորն իրեն սիրում են։

«Իմաստը ո՞րն է հիմա էլ երեխաներին սթրեսի ենթարկել՝ նոր մարդ բերելով։ Երեխաներին նորից սթրեսի են ենթարկում, այն էլ այս պարագայում, երբ հազիվ են չուզելով դպրոց գնում։ Փոխանակ քաղաքապետարանից կամ նախարարությունից մի սրտացավ մարդ լիներ, մի հատ գար՝ հարցներ այ երեխեք ջան, ինչ վիճակում եք՝ որոշել են արագ նոր տնօրեն բերել»։
Կինը նշեց, որ երբեք գործող տնօրենից դժգոհություն չի ունեցել։ «Իմ երեխաների ուսման պրոցեսի հետ կապված եթե որևէ խնդիր ունեցել եմ, դիմել եմ, արագ լուծում է ստացել հարցը։

Երբ ես էր սովորում, էլի նույնն էր, այն ժամանակ գործող տնօրեն ուսմասվար էր, բայց նույն կերպ օգնում էր բոլորիս։ Հիմա նա տարիքից ելնելով էլ տնօրեն չի, բայց իր գործը կարող է շարունակել իր աղջիկը, Վերոնիկան Բաբաջանյան, ով շատ լավ մանկավարժ է ու բոլորը իրեն սիրում են` կոլեկտիվը, երեխաները, ծնողներս։ Վստահ եմ, այսքան տարի էլ մայրիկի օրինակը աչքի առաջ ունենալով՝ ի շահ երեխաների է գործելու։ Իսկ նոր նշանակվողին ոչ մենք ենք ծանոթ էլ ինքը՝ մեզ։ Նման խառնաշփոթի պատճառը չեմ հասկանում։ Նոր մարդը նոր բարքեր է փոխելու, բայց այս դպրոցն ավանդույթներ ունի, որոնք մենք չենք ուզում փոխել»,-ասաց կինը։

Ծնողների մոտ արդեն կարծիք է ձեւավորվում, որ ԱԱԾ-ի մասնակցությամբ երեխաների ներկայությամբ կազմակերպված «մասկի շոուն» հենց տնօրենին հեռացնելու նպատակն էր հետապնդում։