Հայկական գինիները ներկայացվել են Լոնդոնում և Մանչեստրում

Կարևորելով հայկական գինու բրենդի առաջխաղացումը միջազգային շուկաներում՝ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը բրիտանական IWSC (International Wine and Spirit Competition) միջազգային մրցույթի կազմակերպիչների հետ համագործակցության շրջանակներում և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ կազմակերպել է հայկական գինիների ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում։

Հայկական գինիների հանրահռչակման արշավը մեկնարկել է Մանչեստրից։  ՀԽԳՀ գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը՝ ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել հայկական գինիների նկատմամբ դրսևորած հետաքրության համար։

Գինու հանրաճանաչ վարպետ Քերոլայն Գիլբիի մատուցմամբ հայկական 30 գինեգործական ընկերության ավելի քան 68 անուն գինիները հոկտեմբերի 7-ին ներկայացվել են Մանչեստրի սոմելիեների ակումբում՝ Հյուսիսային Սոմելիեների ակումբի հետ համագործակցության շրջանակներում։

Մանչեստրում խոսվել է ինչպես հայկական գինեգործական շրջանների, գինու ոճի ու առանձնահատկությունների, խաղողի սորտերի մասին, այնպես էլ հայկական մշակույթի ու պատմության։

Լոնդոնում բրիտանացի գինու գնորդներն ու լրագրողները հոկտեմբերի 9-ին համտեսել են հայկական 30 գինեգործական ընկերության ավելի քան 68 անուն գինի ու ծանոթացել վերծնունդ ապրող գինեգործական երկրի պատմությանը։

Լոնդոնում միջոցառմանը մասնակցել է նաև ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը, ով իր ողջույնի խոսքում կարևորել է նման միջոցառման կազմակերպումը հայկական գինիները բրիտանացի հասարակության համար հանրայնացնելու տեսանկյունից։ Դեսպանը նշել է, որ Հայաստանում լայն թափ է առնում գինեգործությունը, որը հազարամյակների պատմություն ունի՝ գրավելով նորանոր շուկաներ։ Ներսեսյանը հույս է հայտնել, որ նման միջոցառումների շնորհիվ հնարավոր կլինի զարկ տալ հայկական գինիների արտահանմանը Միացյալ Թագավորություն։

Համտեսներից բացի անցկացվել են նաև կլոր սեղան-քննարկումներ՝ հայկական գինիների ներուժի և հեռանկարների վերաբերյալ, ինչը բացառիկ հնարավորություն է բրիտանական շուկայում հայկական գինիների շուկայահանման, գնագոյացման, շուկայավարման, գինիների վերաբերյալ խորհուրդներ ստանալու ու նոր կապեր ստեղծելու համար։