Մաքրավանք. Հրազդանի հոգևոր պահապանը. «Մեր պատմությունը» նախագիծ (տեսանյութ)
Ժամանակակից Հրազդանի Մաքրավան թաղամասում է ծվարած 13-րդ դարում կառուցված Մաքրավանքը: Մինչև անցած դարի 60-ական թվականներ Մաքրավանը գյուղ է եղել, որը հայտնի է եղել առաջին հերթին իր հոյակերտ եկեղեցով, որը կառուցել են Պահլավունի իշխանները, այնուհետև պահպանությամբ զբաղվել են նաև Բագրատունիները: Մաքրավանը մշտապես բնակեցված է եղել հայերով, միայն 1604թ.-ին Շահ Աբասի բռնագաղթի ժամանակ է գյուղը զրկվել բնակչությունից: Սակայն, ընդամենը տարիներ անց Մաքրավանը կրկին բնակեցվել է հայերով` հիմնականում Արևմտայն Հայաստանից եկած բնակչությամբ, նաև որոշակի թվով պարսկահայեր են բնակություն հաստատել Մաքրավանում և հարակից բնակավայրերում:
Պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանը նշում է, վեհաշուք Մաքրավանքը հատկապես ուշագրավ է լավ պահպանված եզակի խաչքարերով, որոնց մի զգալի մասն այսօր էլ եկեղեցու տարածքում են: Մաքրավանքի խաչքարերի որոշ նմուշներ ժամանակ առ ժամանակ ուղարկվում են արտասահման` տարատեսակ միջազգային մշակութային միջոցառումների ժամանակ հայկական հոգևոր-մշակութային արժեքները ներկայացնելու համար: Որոշակի ոճային նմանություններ ունենալով Կոտայքի մարզի այլ եկեղեցիների հետ` Մաքրավանքն, այնուամենայնիվ, ունի զգալի յուրահատկություններ, որոնք կապված են վանքի վրա արված և լավ պահպանված գրավոր արձանագրությունների հետ: Ժամանակին Մաքրավանքի առանձնահատկությունները հետազոտել է հայտնի պատմաբան ու հայկական ճարտարապետության տեսաբան Թորոս Թորամանյանը, պահպանվել է նաև 20-րդ դարի սկզբին Թորամանյանի արած լուսանկարը:
Ըստ լրագրող, պատմաբան Անի Հակոբյանի՝ Մաքրավանքի հետ կապված կա նաև ժողովրդական բանահյուսություն, ըստ որի` երբ պարսից շահը նվաճել է տեղանքը, հրամայել է քանդել Մաքրավանքը և եկեղեցու քարերով մոտակայքում գտնվող Հրազդան գետի վրա կամուրջ կառուցել: Սակայն, ժողովուրդն ընդիմացել է շահի որոշմանն ու թույլ չի տվել վնաս պատճառել եկեղեցուն, ինչի հետո Մաքրավանքը ստացել է նաև «շահ ղուտուրա» անվանումը, որը թարգմանաբար նշանակում է շահ կոտրող (շահին հաղթող):
Մաքրավանքի, հին Մաքրավան գյուղի և Հրազդան քաղաքի պատմությանը նվիրված «Մեր պատմությունը» նախագծի թողարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում: