Գերմանիայի ԱԳՆ-ն կանչել է Իրանի դեսպանին. Բեռլինն իր քաղաքացիներին կոչ է արել լքել երկիրը

Գերմանիան կանչել է Իրանի դեսպանին՝ դատապարտելու երեկ երեկոյան Թեհրանի հրթիռային հարձակումը Իսրայելի վրա, հայտնում է morgenpost.de կայքը։

«Մենք կանչել ենք Իրանի դեսպանին»,- լրագրողներին ասել է Գերմանիայի ԱԳՆ խոսնակ Սեբաստիան Ֆիշերը՝ հավելելով, որ դեսպանը Բեռլինում չի եղել, և փոխարենը ներկայացել է գործերի ժամանակավոր հավատարմատարը։

Միաժամանակ Իրանին կոչ է արվել զերծ մնալ հետագա հարձակումներից, այդ թվում՝ իր դաշնակիցների միջոցով։

Միևնույն ժամանակ, Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը՝ նշելով, որ այնտեղ իրավիճակը անկայուն է և ցանկացած պահի կարող է փոխվել: