Շուշիի 19-րդ դարի դպրոցը ոչ մի կերպ չի կարող ներկայացվել որպես Ադրբեջանում բացված․ Բաքուն մոլորեցնում է
Ադրբեջանի գիտության և կրթության նախարար Էմին Ամրուլաևը հայտարարել է, որ Ադրբեջանում աշխարհիկ առաջին դպրոցը բացվել է 19-րդ դարում Շուշիում, և այն կարևոր նշանակություն ունի Ադրբեջանի կրթական համակարգի համար։
Խոսքը ռուսական կառավարության որոշմամբ Անդրկովկասում 1830 թվականին բացված 20 գավառային դպրոցներից մեկի մասին է։
Ադրբեջանցի նախարարի խոսքում մոլորեցնող երկու պնդում կա՝ մեկը՝ բացահայտ, մյուսը՝ քողարկված։ Վերջինս փորձում է կապ ստեղծել անցյալում բացված դպրոցի և ադրբեջանական ներկայիս կրթական համակարգի միջև։ Սակայն այդ դպրոցում դասավանդումը գերազանցապես ռուսերենով էր․ ըստ էության՝ բացվել էր տեղական բնակչության շրջանում ռուսերենը տարածելու համար։ Հարկ է նշել, որ դպրոցի աշակերտերի 2/3-ը հայեր էին։
19-րդ դարում Շուշիում բացված դպրոցը ոչ մի կերպ չի կարող ներկայացվել որպես Ադրբեջանում բացված, քանի որ Կովկասում Ադրբեջան անունով պետություն հիմնադրվել է 20-րդ դարում՝ 1918 թվականին։ Այդ ժամանակաշրջանում Շուշին եղել է ռուսական պետության կազմում, իսկ մինչ այդ՝ պարսկական։