Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, «պետք» է պատժի «մեղավորներին». Ալիև
Եթե Հայաստանն իսկապես ուզում է խաղաղության հասնել Ադրբեջանի հետ, «պետք է» դատապարտի «ադրբեջանցիների դեմ իրականացված վայրագությունները» և «պատժի մեղավորներին». այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում անցկացվող «Անհետ կորածների խնդրի լուծում» միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում։
Նրա խոսքով՝ այժմ Ադրբեջանում պատասխանատվության են ենթարկվում «ռազմական հանցագործությունների որոշ մեղավորներ», սակայն Հայաստանում ոչ մի «հանցագործ» պատասխանատվության չի ենթարկվել, այլ ընդհակառակը, հերոսացվել է։
Ալիևը կոչ է արել Հայաստանին հրաժարվել իր «ապակառուցողական դիրքերից» և կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները։
«Եթե Հայաստանն իսկապես ցանկանում է խաղաղության հասնել Ադրբեջանի հետ, ապա պետք է դատապարտի ադրբեջանցիների նկատմամբ իրականացված վայրագությունները և պատժի մեղավորներին։ Սա կարող է նաև դառնալ երկու երկրների միջև վստահության ամրապնդման արդյունավետ միջոցներից մեկը»,- ասել է Ալիևը: