«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը շարունակվում է

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը շարունակում է իրականացնել «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը:

Ծրագրի աշնանային շրջափուլի մեկնարկը տրվել է սեպտեմբերի 25-ին՝ Լոռու մարզի Սպիտակ քաղաքից: Հանդիպման բանախոսը կոմպոզիտոր, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Մարինե Օթարյանն էր:

Նախագծի աշնանային փուլի շրջանակում արդեն իրականացվել են երեք հանդիպումներ. երկուսը՝ Լոռու մարզի Դսեղ և Գյուլագարակ գյուղերում, մեկը՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում: Հանդիպումները վարել են Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասան Նարեկ Բաղդասարյանը, հեղինակ-կատարող, երգահան, բանաստեղծ Վախթանգ Հարությունյանը և երգեհոնահար Թերեզա Ոսկանյանը:

«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի շրջանակում 2024 թվականի ընթացքում իրականացվելու են հանդիպումներ Հայաստանի 50 մշակութային գործիչների հետ, որոնց ընտրությունը կատարվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից: Հանդիպումներն անցկացվելու են մայրաքաղաքում և ՀՀ բոլոր մարզերում՝ ներգրավելով հանրակրթական դպրոցներում սովորող ավելի քան 4000 աշակերտի:

Հանդիպումներն անցկացվում են ինտերակտիվ ձևաչափով. երեխաները հնարավորություն կունենան ստանալու ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև անմիջականորեն կդիտեն տվյալ արվեստագետի ներկայացումը, համերգային կատարումը, մասնակցություն կունենան բանախոսի կողմից տեղում անցկացվող վարպետության դասին, արվեստի նմուշների ցուցադրմանը, ինչը հետագայում կարող է օգնել նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում: Յուրաքանչյուր հանդիպման ընթացքում կլինի հարցուպատասխանին նվիրված հատված, որը կնպաստի աշակերտ-արվեստագետ առավել անմիջական կապի շփմանը և երեխաներին հետաքրքրող հարցերի պարզաբանմանը: