«ԱՄՓ Հոլդինգ» ՍՊԸ-ն շուրջ 18.5 միլիոն դրամի վնաս է հասցրել շրջակա միջավայրին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգումների արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ ֆերոմոլիբդենի արտադրությամբ զբաղվող «ԱՄՓ Հոլդինգ» ՍՊԸ-ում: Այս մասին հայտնում են տեսչական մարմնից:
Տեսչական մարմնի մասնագետները ստուգումներ են իրականացրել ընկերության մոլիբդենի եռօքսիդի արտադրամասում և արձանագրել, որ պտտվող գազային վառարանները շահագործվել են սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) գերազանցումով: Հայտնաբերվել է, որ վառարաններից մեկը գործել է առանց համապատասխան թույլտվության:
Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի որոշմամբ՝ առանց թույլտվության շահագործվող գազային վառարանը կասեցվել է:
Նշված խախտումների հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասը գնահատվել է շուրջ 18.5 միլիոն դրամ, ինչի վերաբերյալ փոխհատուցման պահանջ է ներկայացվել ընկերությանը: Նշանակվել են վարչական տուգանքներ։