«Հայաստան 2041» հիմնադրամն «Ուժեղ Սփյուռք» ծրագրի հաղթող 10 նախագծերին դրամաշնորհներ կտրամադրի
«Հայաստան 2041» հիմնադրամը ներկայացրեց «Ուժեղ Սփյուռք» ծրագրի հաղթող 10 նախագիծը, հաղթող հեղինակներից յուրաքանչյուրը կստանա 10,000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ իրագործելու հայկական ժառանգության պահպանմանն ու հայ համայնքների հզորացմանն ուղղված իր գաղափարները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ուժեղ Սփյուռք» ծրագրի հաղթող նախագծերի մասին հայտարարվեց «Հայաստան 2041» հիմնադրամի՝ Մատենադարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում, որին մասնակցում էր նաև բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Նուբար Աֆեյանը։
«Ուժեղ Սփյուռք» ծրագիրը մեկնարկել է 2023 թվականին՝ նպատակ ունենալով դրամաշնորհների տրամադրման միջոցով խրախուսել հայկական ժառանգության պահպանումը, հայկական մշակույթի զարգացումն ու տարածումը, երիտասարդների համար մասնագիտական զարգացման հնարավորությունների ստեղծումը, կապը Սփյուռքի և Հայաստանի միջև, աջակցել այն ծրագրերին, որոնք կակտիվացնեն հայկական համայնքների միջև փոխգործակցությունը։ Միջոցառման ընթացքում նշվեց, որ ծրագրի շրջանակներում գրանցվել է 174 դիմում-հայտ՝ շուրջ 26 երկրի 91 քաղաքից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Լիբանանին, Ավստրալիայից և Արգենտինայից։
«Հայաստան 2041» հիմնադրամի համահիմնադիր Նուբար Աֆեյանն իր խոսքում նշեց, որ ծրագրի անունը հուշում է, որ դրամաշնորհների միջոցով նպատակ է հետապնդվում հզորացնել Սփյուռքը և հայկական համայնքների ներկայացուցիչներին, որոնք ունեն նորարար գաղափարներ և դրանք իրագործելու համար քաջալերման կարիք։
Ավելին՝ սկզբնաղբյուրում