Լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը ռազմական պլաններ ունի Հայաստանի նկատմամբ․ Արարատ Միրզոյան

Հայաստանը չի տեսնում Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասը ստորագրելու քաղաքական կամք։ Այս մասին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ասել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը հետագա ռազմական պլաններ ունի Հայաստանի ու Հայաստանի տարածքների նկատմամբ։ Ես օրինակ կարող եմ բերել, հիմա Ադրբեջանն օգտագործում է «Արևմտյան Ադրբեջան» նարատիվը»,-ասել է Միրզոյանն ու ավելացրել, որ Բաքուն «Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ հասկանում է  Հայաստանի գրեթե ողջ տարածքը։
Միրզոյանի խոսքով, Բաքուն իրենց վստահեցնում է, որ դա տարածքային պահանջ չէ, սակայն տպավորությունը լրիվ այլ է։
«Ոչ իմ կառավարությունը, ոչ էլ ես չեմ կարող վստահություն հայտնել Ադրբեջանի խաղաղ նպատակների մասին»,-ասել է Միրզոյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վստահություն էր հայտնել, որ ադրբեջանցիները կվերադառնան «արևմտյան Ադրբեջան»։