Պետք է հաշվարկել բոլոր ռիսկերը. ՀՀ ԱԳ ղեկավարը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման մասին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայում անվտանգության միջազգային ֆորումում ասել է, թե Երևանը հաշվարկում է բոլոր ռիսկերը՝ կապված ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման հետ։

«Կարծում եմ, որ բոլորս պետք է ավելի զգույշ լինենք։ Գաղտնիք չէ, որ կայունությունը պետք է լինի առաջնահերթություն, և այն գործընթացը, որը կարող է տեղի ունենալ, պետք է լավ հաշվարկվի, կառավարվի, նկատի ունեմ ռիսկերի կառավարումը», – ասել է Միրզոյանը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա ապագա գոյության և ինքնիշխանության համար՝ ընդգծելով, որ կազմակերպության անդամ երկու երկրներ օգնել են Ադրբեջանին 2020 թվականին Արցախում ռազմական գործողությունների ժամանակ։