Իրանի արտգործնախարարը հայտնել է «եվրաեռյակին», որ Թեհրանը պատերազմ չի ցանկանում, բայց չի վախենում դրանից

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին Իսրայելին հասցված իրանական հարվածից հետո երեկ հեռախոսազրույցներ է ունեցել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարների հետ և հայտնել, որ Թեհրանը պատերազմից չի վախենում, բայց և դրան չի ձգտում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Գործողությունն ավարտվել է, բայց եթե սիոնիստական վարչակարգը (նկատի ունի Իսրայելը) փորձի պատասխան միջոցներ ձեռնարկել, մեր պատասխանը դաժան կլինի։ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ձգտում լարվածության թեժացման և պատերազմի, թեև պատերազմից չի վախենում»,- Արաղչիի խոսքերը մեջբերել է թելեգրամ-ալիքը։

«Մենք զգուշացնում ենք ցանկացած երրորդ կողմի այս հակամարտությանը միջամտությունից»,- ավելացրել է դիվանագետը։