Թուրքիան Լիբանանից իր քաղաքացիների տարհանման ծրագիր է մշակել

Թուրքիայի արտգործնարարությունը հայատարարություն է տարածել Լիբանանում տեղի ունեցողի համատեքստում իր քաղաքացիների տարհանման պլանի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Պատրաստվել են մեր քաղաքացիներին ծովային կամ օդային տարբերակով տարհանելու համար այլընտրանքային պլանները»,-ասվել է հայտարարության մեջ:

Բացի այդ, դրանում ընդգծվել է, որ Լիբանանում տիրող անվտանգային վիճակը կարող է էլ ավելի վատանալ:

Ըստ նախարարության հայտարարության, ծրագիրն իրականացնելու համար ձևավորվել է «Արտաքին գործերի նախարարության կոորդինացման և աջակցման կենտրոն»:

Նշվել է, որ գործողությունները կատարվելու են ԱԳ նախարարության, ոստիկանության գլխավոր վարչության և միգրացիայի կառավարման վարչության աշխատակիցներից կազմված անձնակազմի միջոցով:

Հիշեցնենք, որ Իսրայելը հոկտեմբերի 1-ին ցամաքային «Հյուսիսային նետեր» ռազմագործողությունն էր մեկնարկել Լիբանանում: