Իսրայելին հասցված հարվածի նպատակը եղել է Իրանի շահերի և քաղաքացիների պաշտպանությունը. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հոկտեմբերի 1-ին Իսրայելի տարածքի ուղղությամբ հրթիռների արձակումից հետո հայտարարել է, որ Թեհրանը «վճռական պատասխան» է տվել Իսրայելի գործողություններին:  Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով  Mehr գործակալությունը:

«Հիմնվելով մեր օրինական իրավունքի վրա և Իրանի ու տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու նպատակով՝ վճռական պատասխան է տրվել սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիային», – ասել է Փեզեշքիանը։

Նա նշել է, որ «այս գործողությունն ուղղված էր Իրանի շահերի և քաղաքացիների պաշտպանությանը»։

«Նեթանյահուն պետք է իմանա, որ Իրանը պատերազմ չի հրահրում, բայց հաստատուն կանգնած է ցանկացած սպառնալիքի դեմ», – ընդգծել է Իրանի նախագահը։

Նրա խոսքով՝ հրթիռային հարվածը Թեհրանի ռազմական հնարավորությունների սահմանը չէ։

«Դա մեր ուժերի միայն մի մասն էր», – ասել է Փեզեշքիանը:

Հոկտեմբերի 1-ի երեկոյան Իրանն Իսրայելի վրա է արձակել ավելի քան 180 բալիստիկ հրթիռ, որոնց մեծ մասն, ըստ իսրայելական կողմի, խոցվել են։ Ըստ Թեհրանի՝ հարվածներ են հասցվել Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայության շտաբին, «Նևաթիմ» ավիաբազային, որտեղ գտնվում են F-15 ինքնաթիռներ, ինչպես նաև «Հաթզերիմ» ռազմակայանին։