ՔՊ-ը դեմ քվեարկեց ԼՂ ժողովրդի հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծմանը. նախագիծը չընդունվեց

ԱԺ այսօրվա նիստում քվեարկության դրվեց նաև Բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կենսագործունեության կազմակերպման պայմանները ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվելիք ԱԺ քննիչ հանձնաժողովի հարցը, այն մերժվեց:

Նշենք, որ ընդդիմությունն առաջարկում է բռնի տեղահանված և ՀՀ տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության պայմաններն ուսումնասիրելու նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել։

Վարման կարգով ելույթ ունեցավ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու նախագծին:

Կոնջորյանը հիշեցրեց՝ Կառավարությունը և կառավարող խմբակցությունը առաջին իսկ օրվանից բազմաթիվ ծրագրեր են իրականացրել և մի շարք օրենսդրական կարգավորումներ են ներդրել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կենսագործունեության ապահովման, սոցիալական, բնակարանային աջակցության ապահովման և մի շարք այլ ծրագրերի ուղղությամբ, և դրանք շարունակվում են:

«Մեր հանրությունը դա ամենօրյա ռեժիմով տեսել և ականատես է եղել դրան: Եվ մենք կարծում ենք, որ խորհրդարանական ընդդիմությունն իր պատգամավորական գործառույթների շրջանակում օժտված է բոլոր լիազորություններով և լծակներով, որպեսզի անի հարցադրումներ, հարցապնդումներ և փորձի այն բոլոր փաստերը կամ տեղեկությունները, որոնք մտահոգում են իրենց այս գործընթացների հետ կապված, և մենք էլ՝ որպես կառավարող մեծամասնություն, պատրաստ ենք աշխատելու խորհրդարանական ընդդիմության հետ բոլոր ֆորմատներում, այդ թվում՝ հանձնաժողովներում համատեղ աշխատանքի, այդ թվում՝ ինչու չէ, աշխատանքային խմբեր ստեղծելով, եթե դրա անհրաժեշտությունը կլինի:

Ի վերջո, խորհրդարանական ընդդիմությունը կարող է հարցապնդում ներկայացնել Կառավարությանը, այսինքն՝ կան բազմաթիվ գործիքներ, որոնցով խորհրդարանական ընդդիմությունը և պատգամավորները կարող են իրենց հուզող հարցերի պատասխաններն ստանալ: Եվ մենք, երեկ լսելով հիմնական զեկուցողին, չտեսանք փաստարկված հիմնավորում, թե ինչո՛ւ են պետք այս հարցերի, եթե իրենք ունեն նման հարցեր, պատասխանները ստանալ հենց քննիչ հանձնաժողովի ստեղծմամբ, հիմնավորումները մեզ համար բավականաչափ փաստարկված չէին, հետևաբար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է քվեարկելու այս նախագծին»,- հայտարարեց Հայկ Կոնջորյանը:

Նախագիծը երեկ զեկուցել էր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, որը վարման կարգով ևս ելույթ ունեցավ. «Այն ինչ լսեցինք քաղաքական մեծամասնության կողմից, ընդամենը փորձ է հրաժարվել սահմանադրական պարտականությունների կատարումից: Եթե բավարար չափով հիմնավորումներ չեք լսել, դա չի նշանակում թե փաստարկված չէ: Հսկայական միջոցներ սփյուռքից և միջազգային կառույցներից հատկացվել են Արցախի ժողովրդի կենսապայմանների բարելավման համար:

Պառլամենտը պարտավոր է իրականացնել արդյունավետ վերահսկողություն: Հիմա եթե չեք մասնակցելու, դուք տորպեդահարում և հրաժարվում եք սահմանադրական ձեր լիազորություններից»,- ասաց Մինասյանը և մինչև քվեարկությունը 20 րոպե ընդմիջում վերցրեց:

Ընդմիջումից հետ նախագծին դեմ քվեարկեց ՔՊ-ը և այն չընդունվեց: