«Մաքուր Երկաթ» ընկերության տնօրենը սեպտեմբերի 20-ից գտնվում է անազատության մեջ․ հայտարարություն
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանի Կարեն Հակոբյանին առավելագույն հնարավոր ժամկետով՝ երկու ամսով կալանավորելու ակնհայտ անհիմն որոշման դեմ 2024 թվականի սեպտեմբերի 24-ին մուտք է արվել հատուկ վերանայման բողոք: Այս մասին հայտարարություն է տարածել Կարեն Հակոբյանի փաստաբանական թիմը։
«Ուշագրավ է, որ մինչ օրս, արդեն կարելի է արձանագրել 7 օր անց՝ առկա չէ ներկայացված վերաքննիչ բողոքի պատշաճ ընթացքը:
Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ նշված քրեական վարույթի մի շարք հանգամանքներ հրապարակային եղանակով քանիցս ներկայացվել են, այդ թվում ամիսներ առաջ Հանրային հեռուստաընկերության միջոցով և չնայած այդ ամենին գործարար Կարեն Հակոբյանը մշտապես հասանելի է եղել վարույթն իրականացնող մարմնին, մշտապես դրսևորել է պատշաճ վարքագիծ: Նշված հանգամանքներն ինքնին կալանքը որպես խափանման միջոց ընտրելու բացառելու հիմքեր են:
Ավելին գործարարի առնչությունը իրեն վերագրվող ենթադրյալ արարքին չի հաստատվում որևէ տվյալով, որոնք ներկայացվել են պաշտպանության կողմին: Մասնավոր ընկերության կորպորատիվ գործունեության քրեականացման տարրերը խիստ վտանգավոր են:
Չնայած նշված հանգամանքներին, նույնիսկ այն պայմաններում, որ ներկայացվել էր նաև կալանքին որպես այլընտրանք մի շարք խափանման միջոցների միաժամանակյա և համակցված կիրառելու միջնորդություն՝ դրանք անտեսվել էին Դատարանի կողմից: Ներկայացված և մի շարք այլ հանգամանքների, հիմնավորումների վերաբերյալ հստակ դիրքորոշումները ներկայացվել են Վերաքննիչ ատյանին, որոնց վերաբերյալ կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն»: