Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդագծի կառուցումից հետո կկապվեն Իրանի և ՌԴ-ի էլեկտրահամակարգերը
Իրանի և Վրաստանի հետ էլեկտրահաղորդման գծերի կառուցումից հետո հնարավոր է Հայաստանի էներգահամակարգը միացնել Ռուսաստանի, Իրանի և Վրաստանի համակարգերին։ Այս մասին հայտնել է ՏԿԵ վարչության պետ Հակոբ Վարդանյանը Երևանում ընթացող երրորդ Եվրասիական տնտեսական համաժողովի պանելային քննարկմանը։
«Առաջին անգամ հնարավոր կլինի միացնել իրանական էներգահամակարգը ռուսականին»,- ասել է նա։
Վարդանյանի խոսքով, ժամում 1 200 մեգավատ հզորությամբ նախագիծն ավարտական փուլում է, կառուցված է էլեկտրագծի 85 տոկոսը՝ 280 կիլոմետր երկարությամբ, Հրազդանից մինչև Իրանի հետ սահման, կկառուցվի ենթակայան Սյունիքում Իրանի սահմանից 150 կիլոմետր հեռավորությամբ։
Նախագծի ավարտից հետո կլինի չորս երկրներ միացնելու հնարավորություն՝ Իրան, Հայաստան, Վրաստան և ՌԴ։ Մեծ իմաստով խոսքը Իրանի և ՌԴ-ի էլեկտրահամակարգերի միացման մասին է, դա առաջին նման մեծ նախագիծն է։
Նոր հզորությունների կառուցումից հետո Հայաստանը, որն այժմ ավելցուկ ունի, հնարավորություն կունենա արտահանել էլեկտրաէներգիա երկու ուղղությամբ։

