Հայկական Արցախը ցեղասպանական գործողությամբ նախ հայաթափվեց, ապա սկսվեց հայկական ինքնության վերացումը. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հայտարարությունը
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հայտարարությունը՝ Արցախի օկուպացիայի, էթնիկ զտման տարելիցի կապակցությամբ․
«Շուրջ տասը ամիս տևած շրջափակումից, ֆիզիկական և հոգեբանական բռնություններից և ճնշումներից, տասնամյակներ տարվող հակահայկական քարոզի և ատելության սերմանումից հետո՝ մեկ տարի առաջ, սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդյունքում Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանվեց շուրջ 120.000 հայ:
Հիշողության մեջ հստակ ունենալով դեռևս 1900-ական թթ. սկսված բռնությունները, որոնք տարբեր ալիքներով տեղի էին ունեցել պատմության մի քանի շրջափուլերում` հանգեցնելով տասնյակ հազարավոր հայերի մահվան, ինչպես նաև հստակ գիտակցելով ագրեսորի ցեղասպան մտադրությունը` արցախահայերն այլ ելք չունեին, քան մի քանի օրվա ընթացքում լքել իրենց բնօրրանը:
Տասամսյա շրջափակմանը, որը Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի համաձայն ցեղասպանական գործողություն էր` ուղղված կյանքի այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնք հանգեցնելու են էթնիկ հայերի ֆիզիկական ոչնչացմանը կամ տեղի հայերին ֆիզիկական վնաս պատճառելուն, հաջորդեց մարդկության դեմ ուղղված մեկ այլ հանցագործություն, այն է` բռնի տեղահանումը:
Հստակ և հետևողականորեն տարվող քաղաքականության արդյունքում հայկական Արցախը նախ հայաթափվեց, ապա սկսվեց երկրամասի հայկական ինքնության վերացումը` ոչնչացնելով և/կամ նենգափոխելով տեղի հայկական նյութական և ոչ նյութական ժառանգությունը:
Վերահաստատելով Արցախի վերաբերյալ 2024 թ. սեպտեմբերի 2-ի Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության ընդունած բանաձևը` հրամայական է դառնում հետևողական լինել Արցախի և արցախահայության` միջազգային նորմերով սահմանաված իրավուքների պաշտպանության և մեղավորներին միջազգային քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում»: