ՎԶՄԲ-ը շուրջ 150 մլն դոլար վարկ կտա Հայաստանին. որոշումն ընդունվեց
Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը վարկային 2 ծրագրով շուրջ 150 մլն դոլար վարկ կտրամադրի Հայաստանի Հանրապետությանը։ Վարկային ծրագրերը վավերացնելու մասին օրենքի նախագծերը հաստատվեցին ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Վարկային ծրագրերից մեկը, որով ՀՀ-ին կտրամադրվի 102 մլն եվրո (շուրջ 110 մլն դոլար), նախատեսվում է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ընթացքում աջակցել ՀՀ առողջապահության նախարարությանը, բարելավել առաջնային բժշկական օգնության որակը և նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները բնակչության շրջանում:
«Վարկային ծրագրով տրամադրվող ֆինանսական միջոցները նախատեսվում է ուղղել պետության կողմից սուբսիդավորվող շահառու խմբերի ապահովագրավճարների տրամադրմանը: Յուրաքանչյուր տարի տրամադրվող գումարների չափը և եղանակը ենթակա է համաձայնեցման ֆինանսների նախարարության հետ ամենամյա բյուջեի քննարկման շրջանակներում»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը ստորագրվել է այս տարվա հուլիսի 25-ին: Ծրագրի ավարտը նախանշված է 2029 թ. սեպտեմբերի 30-ին։