Արտերկրում քաղաքական ապաստան հայցելիս ՀՀ որոշ քաղաքացիներ որպես ծննդավայր նշում են Ադրբեջանը. Արարատ Միրզոյան
«Թեև դուք հակառակն եք պնդում, բայց ես փորձից ելնելով կարող եմ ասել, որ քիչ չեն այն դեպքերը, երբ ՀՀ քաղաքացիները մտածելով, որ նման ձևով կարող են ավելի հեշտ ապաստան գտնել այս կամ այն ապաստանի թիրախ երկրում, իրենց տվյալների մեջ նշում են այլ երկրներ, այդ թվում նաև Ադրբեջանի Հանրապետությունը՝ մտածելով, որ այն ավելի լեգիտիմություն կարող է հաղորդել ապաստանի իրենց հայցին»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի բարձրացրած հարցին, ըստ որի ԱԳՆ-ը սպառիչ պատասխան չի տվել այն բողոքին, թե ինչու է Գերմանիայի միգրացիոն ծառայությունը հայերի փաստաթղթում նշում նաև Ադրբեջանի Հանրապետությունը։
Միրզոյանը հավելեց, որ նման դեպքերը քիչ չեն և վստահեցրեց, որ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններն ակտիվորեն զբաղվում են դրանով։
Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ մտահոգիչն այն է, որ այդ քաղաքացիներին չարտաքսեն Ադրբեջան, և հիմնական երկիր ներկայացվի հենց այդ երկիրը։
«Թե ԱԳ նախարարության պատասխանն է ոչ սպառիչ և ամբողջական՝ այն ինձ չպետք է ասել, այլ պետք է ասել ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր իրենք են նշում ծննդյան մյուս երկիրը Ադրբեջան, մտածելով, որ այդպես ապաստան ավելի հեշտ կստանան»,- ասաց Միրզոյանը և վստահեցրեց, որ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները միջոցներ են ձեռնարկում, որպեսզի նման քաղաքացիներին չարտաքսեն Ադրբեջան։