Քննարկվել է Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագրի ընթացքը

Պետական եկամուտների կոմիտեում, Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման  ծրագրի շրջանակում, տեղի է ունեցել հանդիպում՝ ծրագրի ՊԵԿ պատասխանատուների և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ու ծրագրի իրականացման գրասենյակի ներկայացուցիչների միջև։ Մասնակցել են նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի թիմի անդամները։ Այս մասին  հաղորդում են ՊԵԿ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագրի իրականացման ընթացքը։ Ներկայացվել են ծրագրի շրջանակում արձանագրված նշանակալի ձեռքբերումները և առաջիկա քայլերը՝ վերահաստատելով արդյունավետ համագործակցությունը շարունակելու կողմերի պատրաստակամությունը։

Հանդիպմանը հաջորդել է աշխատանքային այց Մեղրիի սահմանային անցակետ՝ ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումները և առաջընթացը գնահատելու, ինչպես նաև շինհրապարակում կատարվող աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով։

Անցկացվել են հանդիպումներ նաև կապալառուի, վերահսկող ինժեներ ներկայացուցիչների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ քննարկելու ընթացիկ խնդիրները, հետագա անելիքներն ու քայլերը։

Ավարտին բոլոր կողմերը վերահաստատել են Մեղրիի սահմանային անցակետի հաջող արդիականացման հանձնառությունը:

Հիշեցնենք, որ Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման շինարարական աշխատանքները կավարտվեն 2026 թվականին, որի արդյունքում կունենանք միջազգային չափանիշներին համահունչ ժամանակակից անցակետ: