Կբացվի «Սրճարաններում» խորագրով ցուցահանդես՝ նվիրված Շառլ Ազնավուրի և Երվանդ Քոչարի հոբելյաններին
Երվանդ Քոչարի թանգարանում սեպտեմբերի 10-ին բացվելու է «Սրճարաններում» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված մեր ժամանակի մեծագույն գեղագետների՝ Շառլ Ազնավուրի և Երվանդ Քոչարի ծննդյան 100-ամյա և 125-ամյա հոբելյաններին:
Երվանդ Քոչարի թանգարանից հայտնում են, որ թանգարանի վերափոխված միջավայրում կազմակերպված ցուցադրությունը ներկայացնում է Մաէստրո Քոչարի սրճարանային թեմաներով բնօրինակ ստեղծագործություններ և ուղեկցվելու է Ազնավուրի երգերով, երաժշտությամբ, ցիտատներով, անիմացիաներով և այլ նորատիպ էֆեկտներով:
Ցուցահանդեսի պաշտոնական բացման օրը՝ տեղի կունենա նաև «Քոչարի և Ազնավուրի հրաշանաց աշխարհներում» ժողովածուի շնորհանդեսը: Ժողովածուն ներկայացնում է մեծ շանսոնիեի՝ երգեր դարձած բանաստեղծությունների ընտրանի՝ ձևավորված Մաէստրո Քոչարի՝ դրանց համահունչ ստեղծագործությունների վերատպություններով:
Ցուցահանդեսը կգործի մեկ ամիս՝ մինչև հոկտեմբերի 10-ը։
Ցուցահանդեսը կազմակերպված է ՀՀ կառավարության աջակցությամբ՝ արվեստագետներին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում: