«Գթության ոսկե շղթա» ֆիլմի հայաստանյան առաջնադիտումը՝ Երևանի կինոյի տանը
Ավստրալիայի համաշխարհային պրեմիերայից հետո «Գթության ոսկե շղթա» ֆիլմն այժմ Հայաստանում է: Սիդնեյում, օգոստոսի 16-ին՝ Ավստրալիայի հայկական ֆիլմերի կինոփառատոնի այս տարվա բացման օրը, լեփ-լեցուն դահլիճում մեծ հաջողությամբ կայացավ հայաստանյան «Ման Փիքչըրս Փրոդաքշեն» ընկերության կողմից արտադրված «Գթության ոսկե շղթա» խաղարկային վավերագրական, լիամետրաժ ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Մեկ ամիս է, ինչ ֆիլմը ներկայացված է հարյուրից ավելի միջազգային կինոփառատոների մրցույթներին և արդեն հասցրել է արժանանալ քառասուն մրցանակի: Ֆիլմի հայաստանյան պրեմիերան կկայանա սեպտեմբերի 14-ին, ժամը 18:00-ին՝ Երևանի կինոյի տան մեծ դահլիճում: «Գթության ոսկե շղթան» պատմություն է փրկվածների մասին, նաև պատմություն այն մարդկանց մասին, ովքեր արձագանքեցին ցեղասպանվողների հուսահատ ճիչին և օղակ առ օղակ ձգեցին գթության ոսկե շղթան ողջ երկրագնդի վրայով:
Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ԱՆԶԱԿ ստորաբաժանման զինվորների անձնազոհության և այդ հեռավոր երկրների բնակիչների գթասրտության շնորհիվ ցեղասպանությունից փրկվեցին և վերապրեցին շուրջ 60 000 հայեր, ասորիներ և հույներ: Մարդկային կյանքերի փրկությունն էր նրանց առաքելությունը: Ֆիլմը պատմում է հոլիվուդյան հայտնի դերասան Վերնոն Ուելսը: Պատմաշարը ներկայացնում են Ճանաչված պատմաբաններ, ցեղասպանագետներ և անկախ հետազոտողներ Ավստրալիայից և Նոր Զելանդիայից: Հայաստանյան կողմից ֆիլմի խորհրդատուն է ՀՀ Պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: Ֆիլմի պրոդյուսեր և մտահղացման հեղինակ՝ Մանվել Սարիբեկյան, սցենարի հեղինակներ՝ Ջեյմս Ռոբինս, Վալերի Գասպարյան, ռեժիսոր՝ Արման Չիլինգարյան, օպերատոր՝ Աշոտ Մկրտչյան, կոմպոզիտոր՝ Արտաշես Քարթալյան, մոնտաժի ռեժիսոր՝ Տիգրան Բաղինյան։ Ցուցադրության մուտքը՝ հրավիրատոմսերով: