Ես իմ ճառը կարդալու եմ մի դատավորի, որը բացարկման ենթակա է․ Հրայր Թովմասյանի պաշտպան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում` դատավոր Տաթևիկ Գրիգորյանի մասնակցությամբ, այսօր շարունակվել է Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը։

«Դատական սանկցիան իրավաչափ է կիրառվել, բայց դատարանը թույլ կտա Հրայր Թովմասյանին վերադառնալ դատական նիստերի դահլիճ և հնարավորություն կտա նրան հանդես գալ պաշտպանական ճառով»,- դատական նիստի մեկնարկին հայտնեց դատավոր Տաթևիկ Գրիգորյանը։

Հրայր Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանն ասաց, որ պատրաստվում է բացարկ ներկայացնել դատավոր Գրիգորյանին։

Դատավորը հայտնեց, որ բացարկ կարող է ներկայացնել պաշտպանական ճառն ավարտելուց հետո։

Արամ Օրբելյանն էլ նշեց՝ իր պաշտպանական ճառն այսօր չի ավարտվելու, մոտավոր երեք դատական նիստ է տևելու, քանի որ 600 էջ է ճառը։

«Այսինքն՝ ես իմ ճառը կարդալու եմ մի դատավորի, որը բացարկման ենթակա է»,- ասաց Օրբելյանը։

Դատական տեղեկատվական համակարգում ներկայացված մեղադրանքի համաձայն. «Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը և օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, կարգադրիչ լիազորություններով, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատության նախարարության, նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։

Բացի այդ, Հրայր Թովմասյանը, նույն շահագրգռվածությամբ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նույն նախարարության մի խումբ պաշտոնակատար անձանց հետ համակցությամբ՝ հարկադրվել է ՀՀ նոտարական պալատի նախագահին՝ պալատի համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով վարձակալել փաստացի իրեն պատկանող, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1 շենքի 1-ին հարկում գտնվող անշարժ գույքը, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ նոտարական պալատի օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։