ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում մշակվել է միկրոմասնիկների գերման սարքերի նոր մեթոդ
ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում մշակվել և իրականացվել է միկրոմասնիկների գերման սարքերի (թվիզերների) նոր նախատիպ օպտիկական հոլոգրաֆիայի ու չդիֆրակտվող բեսելյան փնջերի եղանակների հիման վրա։ ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, այն նախատեսված է ֆոտոռեֆրակտիվ բյուրեղի մակերևույթին լազերային փնջով մակածված, ամիսներ պահպանվող ֆոտովոլտային դաշտերի միջոցով միկրո- ու նանոմասնիկների ղեկավարվող տեղաշարժման ու գերման համար:
Միկրո- և նանոմասնիկների ղեկավարվող տեղաշարժման մեթոդների մշակումը կարևոր նշանակություն ունի գիտության տարբեր ոլորտներում՝ ինտեգրալ օպտիկայից և ֆոտոնային սարքերից մինչև նանոէլեկտրոնիկա և կենսատեխնոլոգիա: Վերջին տասնամյակում զգալի զարգացում են ստացել լազերային տեխնիկայի աջակցությամբ միկրո- և նանոմասնիկների իրականացվող գերման և տեղաշարժման մեթոդները:
«Մեր լաբորատորիայում մշակվել է միկրոմասնիկների գերման սարքերի (լավիտների (tweezers)) նոր եղանակ: ֆոտոռեֆրակտիվ բյուրեղի մակերևույթին հատուկ դասի օպտիկական բեսելյան փնջով մակածվում են պարբերական բաշխվածությամբ ֆոտովոլտայիկ (ՖՎ) էլեկտրական դաշտեր, որոնք կարող են ազդել բյուրեղի մակերևույթի մոտակայքում գտնվող միկրո- և նանոմասնիկների վրա: Մշակված լավիտների յուրահատկությունն է բյուրեղի մակերևույթին ձևավորված դաշտերի երկար կյանքի տևողությունը՝ մինչև մեկ տարի։ Սա հանգեցնում է ինքնավար ռեժիմում գործող «lab-on-a-chip» սարքի: Այս կոնցեպտը հաստատվել է դիէլեկտրիկ և մետաղական միկրո- և նանոմասնիկների ղեկավարվող տեղաշարժման և գերման համար: Վերջերս մշակված լավիտները կիրառվել են նաև կենսաբանական օբյեկտների վրա, մասնավորապես՝ ԴՆԹ-ի մոլեկուլների գերման համար: ԴՆԹ-ի դիտարկումը իրականացվել է բևեռացումային մանրադիտակի միջոցով: Այս մոտեցումը հանդիսանում է ոչ ինվազիվ մանրադիտակային տեխնիկայի ինովացիոն եղանակ՝ հիմնված ֆոտովոլտայիկ լավիտների վրա՝ կենսաբանական օբյեկտների դիտարկման և չափագրման համար»,- ասել է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի «Ոչ գծային բյուրեղների և Ֆոտոնիկայի» լաբորատորիայի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Ռաֆայել Դրամփյանը:
Հետազոտությունները սկսվել են Միջազգային Գիտատեխնիկական Կենտրոնի դրամաշնորհի շրջանակներում, այնուհետև, շարունակվել են ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի բազային ֆինանսավորման ծրագրի շրջանակում:
«Աշխատանքը հետաքրքրություն է առաջացրել Կանադայի Քվեբեկ նահանգի Լավալի համալսարանում: 2023թ․ հունիսի 1-ին ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի և Լավալի համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության պայմանագիր համատեղ հետազոտություններ իրականացնելու համար»,- ասել է Ռաֆայել Դրամփյանը:
Հետազոտության արդյունքները տպագրվել են միջազգային գիտական հանդեսներում։
Հետազոտության արդյունքները մասամբ ներառվել են ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Լուսինե Ծառուկյանի թեկնածուական ատենախոսության մեջ: