Կառավարությունից չեն հերքում՝ Փաշինյանը Բաքվի հետ քննարկել է ՀՀ Սահմանադրության փոխելու հարցը

ՀՀ կառավարությունից չեն հերքում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբելովի օգոստոսի 6-ի հայտարարությունն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը «նաև իրենց հետ է քննարկել» ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը։

«Փաստինֆոն» հարցում էր ուղարկել կառավարություն՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված, որում խնդրել էինք պարզաբանել, թե երբ և Ադրբեջանից ում հետ է վարչապետը քննարկել Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը և թե ինչու է Ադրբեջանի ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկում նման հարց ընդհանրապես այն դեպքում, երբ բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը Հայաստանի ներքին գործն է։

Կառավարությունից ի պատասխան մեր հարցման պատասխանել էին, որ «ՀՀ Սահմանադրության վերաբերյալ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը հրապարակային արտահայտվել է սույն թվականի մայիսի 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում, ինչպես նաև այլ ճեպազրույցներում», իսկ ճեպազրույցներում Փաշինյանը խոսել է Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտության մասին։ Ավելին, մայիսի 7-ին Փաշինյանը չէր կարող անդրադառնալ Ամիրբելովի օգոստոսի 6-ի հայտարարությանը, ինչից հետեւում է, որ իսկապես Փաշինյանը ՀՀ Սահմանադրությունը փոխելու հարցը քննարկման առարկա է դարձրել այլ երկրի, տվյալ պարագայում Ադրբեջանի հետ, ուստիեւ չեն հերքում։