Մարմարիկ ջրամբարի մոտ հայտնաբերված ՌԴ քաղաքացու մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել․ ՔԿ

2024թ․ օգոստոսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն է ստացվել ՌԴ քաղաքացու՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժնում տված հաղորդումն այն մասին, որ նույն օրը, ժամը 10-ի սահմաններում, երկու ընկերոջ հետ գնացել են Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Հանքավան բնակավայր՝ հեծանիվ վարելու, և հետ վերադառնալիս իր ընկերներից մեկը՝ Մարկ Լարինը, Հանքավան բնակավայրից մինչև Արտավազ բնակավայր ճանապարհին կորել է։ Այս մասին հայտնում է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Մարդու անհետ կորելու վերաբերյալ պատշաճ հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Օգոստոսի 21-ին վարույթն իրականացնող մարմինը տեղեկացվել է, որ որոնողական աշխատանքների արդյունքում 2002թ․ ծնված Մ․ Լարինի դին հայտնաբերվել է Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ ջրամբարի մոտակայքում։

Քննիչը մեկնել է դեպքի վայր։ Կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ, մասնավորապես՝ դեպքի վայրի զննություն։

Դիակի արտաքին զննությամբ, նախնական տվյալներով, մարմնի վրա բռնության տեսանելի հետքեր չեն հայտնաբերվել։ Մահվան պատճառները պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով»։