Խուզարկվել են Արաբկիրի թաղապետի հոր և աներոջ տները
Tert.am-ի տեղեկություններով ՔԿ-ն խուզարկել է Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանի հոր և աներոջ տները:
Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Ազատյանի փաստաբան Արթուր Պիվազյանը:
«Խուզարկությունները կատարվել են դեռևս հուլիսի 3-ին: Դրանից հետո մինչ այս պահն Ազատյանի մասով չի կատարվել նախաքննական մարմնի կողմից: Խուզարկվել են հոր և աներոջ բնակարանները, դատարանի թույլ տված որոշմամբ՝ արձանագրված իրերն ու առարկաներն են փորձել հայտնաբերել»,- ասաց նա:
Պիվազյանը նշեց, որ խուզարկություններին չի մասնակցել, ոչ էլ խուզարկության արձանագրություններն ունի, գրել են Քննչական կոմիտեին որ տրամադրեն: «Իմ տեղեկություններով ոչինչ չեն տարել»,- հավելեց փաստաբանը:
Նա նաև հայտնեց, որ Ազատյանն օգոստոսի 9-ին տեղափոխվել է կալանավայր, նրա կալանավորման ժամկետը մինչև սեպտեմբերի 3-ն է:
Tert.am-ը ՔԿ-ից փորձեց պարզել՝ խուզարկությունների արդյունքում արդյոք որևէ բան առգրավվել է, սակայն Քննչական կոմիտեից ասացին, որ խուզարկությունների կատարման օբյեկտների կամ առգրավումների վերաբերյալ տեղեկատվություն չի տրամադրվում։
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում քննչական գործողություններ էին կատարվել։ Ազատյանը բերման էր ենթարկվել, իսկ ավելի ուշ դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել տնային կալանքը և 30 միլիոն դրամի չափով գրավ կիրառել: