Բորելը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Իսրայելի ազգային անվտանգության և ֆինանսների նախարարների դեմ
ԵՄ-ն պետք է քննարկի Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրի և երկրի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը Գազայի հատվածի բնակիչների մասին նրանց արած հայտարարությունների համար: The Times of Israel-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Մինչ աշխարհը ձգտում է հրադադարի հասնել Գազայի հատվածում, նախարար Բեն Գվիրը կոչ է անում կրճատել վառելիքի մատակարարումը և օգնությունը քաղաքացիական բնակչությանը», – գրել է Բորելը X սոցիալական հարթակում:
ԵՄ դիվանագիտության ղեկավարը նաև քննադատել է Սմոտրիչի «չարագույժ հայտարարությունները»՝ դրանք համարելով «ռազմական հանցագործությունների» հրահրում։
«Պատժամիջոցները պետք է լինեն ԵՄ-ի օրակարգում», – նշել է Բորելը:
Նա նաև Իսրայելի կառավարությանը կոչ է արել «հեռու մնալ պատերազմական հանցագործություններ կատարելու այս հրահրումներից»:
Բորելը նաև հորդորել է Իսրայելին «բարի կամք» դրսևորել հրադադարի և ՀԱՄԱՍ-ի մոտ գտնվող պատանդների ազատ արձակման գործարքի շուրջ բանակցություններում։
Սմոտրիչն ավելի վաղ հայտարարել էր, որ 2 միլիոն պաղեստինցիների սովամահությունը «կարող է արդարացվել» ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող պատանդներին վերադարձնելու համար:
Անցյալ շաբաթ ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի ղեկավարները կոչ էին արել Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին օգոստոսի 15-ին վերսկսել Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից հայտնել են, որ իսրայելական պատվիրակությունը կմասնակցի բանակցություններին։ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ հրաժարվում է մասնակցել դրանց։
Իսրայելը խոստացել է վերացնել ՀԱՄԱՍ խմբավորումը հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել էր 1200 մարդ, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում զոհվել է շուրջ 39 800 պաղեստինցի։