Իրանի փոխնախագահ Զարիֆը հրաժարական է տվել 10 օր պաշտոնավարելուց հետո
Ռազմավարական հարցերով Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որը 2013-2021 թթ. զբաղեցրել է երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնը և հանդես եկել ԱՄՆ-ի հետ բանակցությունների օգտին, հրաժարական է տվել ընդամենը 10 օր պաշտոնավարելուց հետո:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Զարիֆը գրել է X սոցիալական հարթակի իր էջում։
«Ես բավարարված չեմ աշխատանքիս արդյունքից…. Այլ խնդիրների հետ մեկտեղ սա ինձ ստիպեց շարունակել իմ ուղին համալսարանում», – գրել է նա:
Խոսքը վերաբերում է խորհրդատվական խորհրդին, որը Զարիֆը գլխավորել է հուլիսի 5-ին Իրանի նախագահական ընտրություններում Մասուդ Փեզեշքիանի հաղթանակից անմիջապես հետո։ Զարիֆը պատասխանատու էր նոր կաբինետի թեկնածուների ընտրության համար, որը օգոստոսի 11-ին ներկայացվել էր խորհրդարանի հաստատմանը:
Զարիֆը՝ իսլամական հանրապետության ռեֆորմիստների թևի ներկայացուցիչը, համարվում է ԱՄՆ-ի հետ երկխոսության գլխավոր կողմնակիցներից մեկը, ինչի համար նրան քննադատում են իրանցի պահպանողականները։ Դիվանագետն ակտիվ մասնակցություն է ունեցել 2015 թվականին Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի մշակմանն ու կնքմանը։
Ընտրություններում Փեզեշքիանի հաղթանակից հետո Զարիֆը հայտարարել էր, որ նոր նախագահը պատրաստակամ է վերականգնել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը։