Պարզվել է Երևանում վթարի ենթարկված բեռնատարի և թիվ 36 երթուղու ավտոբուսի վարորդների ու բոլոր վիրավորների ինքնությունը

shamshyan.com-ի հաղորդմամբ՝ երեկ՝ օգոստոսի 11-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային  հանցագործությունների քննության բաժնի պետ Գոռ Ալոյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, ավագ քննիչ Գեղամ Սարգսյանի կողմից նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Երևանի Հերացի փողոցում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 36 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսի վարորդի և մի քանի տոննա ցորենով բեռնված, կողաշրջված «SHAANXI» մակնիշի բեռնատարի վարորդի և վիրավորներ ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բեռնատարը վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Ստեփան Մ․-ն, ավտոբուսը վարել է Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Տիգրան Ա․-ն։ Վթարի հետևանքով վնասվել է նաև Երևանի բնակիչ 52-ամյա Լիլիա Գ․-ի կողմից կայանված «Toyota» մակնիշի ռուսական համարանիշի ավտոմեքենան: Վթարի հետևանքով բեռնատարի վարորդ Ստեփան Մ․-ն, ավտոբուսի ուղևորներ, Երևանի բնակիչ 73-ամյա Գոռ Մ․-ն, Լոռու մարզի բնակիչ 23-ամյա Մելսիդա Մ․-ն, Երևանի բնակիչ 18-ամյա Արթուր Գ․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 21-ամյա  Ֆենյա Բ․-ն, Երևանի բնակիչներ 37-ամյա Հերմինե Մ․-ն, 42-ամյա  Հեղինե Հ․-ն, Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Գևորգ Ռ․-ն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 17-ամյա Հակոբ Խ․-ն, Երևանի բնակիչ 47-ամյա Առնակ Խ․-ն, Վայոց ձորի մարզի բնակիչ 47-ամյա Արսեն Վ․-ն, Երևանի բնակիչ 65-ամյա Անահիտ Ա․-ն, Կոտայքի մարզի բնակիչներ 56-ամյա Մարինե  Մ․-ն, 68-ամյա Ռուզաննա Ա․-ն, Երևանի բնակիչներ  61-ամյա Գայանե Ա․-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոց։ Երևանի բնակիչներ 43-ամյա Դավիթ  Գ․-ն և 57-ամյա Շուշանիկ Հ․-ն տեղափոխվել են «Երևան» բժշկական կենտրոն,  Երևանի բնակիչ 43-ամյա Նելլի Մ․-ն տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Երևանի բնակիչ 48-ամյա Թեգուշ Գ․-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Պարզվել է նաև, որ «Toyota»-ն ոչ թե վթարի արդյունքում է վնասվել, այլ երբ բեռնատարը կողաշրջվել է բեռնատարում բարձված ցորենի պարկերը թափվել ու հարվածել են «Toyota»-ին։Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 11-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում Սարալանջի ճանապարհից դեպի Հերացի փողոց հատվածում բախվել էին մի քանի տոննա ցորենով բարձված «SHAANXI»-ը ու Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 36 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը։Վթարի հետևանքով 20 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Երևանի տարբեր հիվանդանոցներ։Վիրավորներին առաջինն օգնության էին հասել քաղաքացիները, օպերատիվ են գործել շտապ օգնության բժիշկների հերթապահ խմբերը։

Վիրավորներից մի քանիսին էլ հիվանդանոց են տեղափոխել պարեկները՝ իրենց ծառայողական ավտոմեքենաներով։

Դեպքի վայրում հայտնաբերվել էր ռուսական համարանիշներով «Toyota» մակնիշի ավտոմեքենա, որը նույնպես, ըստ ստացված տեղեկությունների, վթարի մասնակից էր։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ: