Լրացուցիչ մրցույթ` բուհերում թափուր մնացած տեղերի համար

Գնահատման և թեստավորման կենտրոնը հուլիսի 20-ից կազմակերպում է լրացուցիչ մրցույթի (բուհերում թափուր մնացած տեղերի) հայտագրման գործընթացը:

Dimord.am կայքէջում դիմում-հայտ կարող են ներկայացնել ինչպես հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները, այնպես էլ հիմնական մրցույթին չմասնակցած,  սակայն միասնական քննություններից դրական միավորներ ունեցողները:
Թափուր տեղերի մրցույթին մասնակցող դիմորդը կարող է հայտագրել մեկ կամ ավելի բուհի  մինչև վեց մասնագիտություն, եթե այդ մասնագիտություններում առկա են թափուր տեղեր և այդ մասնագիտությունների համար սահմանված միասնական քննություններից ունի դրական միավորներ:
Հայտագրման գործընթացը կավարտվի հուլիսի 26-ին, ժամը 18:00-ին:   Լրացուցիչ մրցույթը կամփոփվի հուլիսի 30-ին:  Մրցույթի կազմակերպման ընթացքում նախապատվությունը տրվելու է հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդներին:

Հիշեցնենք, որ թափուր են մնացել ավելի քան 6300 վճարովի և 271 պետական պատվերով տեղեր: